Դատախազությունը «բռնագանձման» թեմայով օգտագործում է Կոնեկտիկուտում գտնվող առանձնատան լուսանկար. Կիվիրյան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը գույքի «բռնագանձման» թեմայով հրապարակումներում պարբերաբար օգտագործում է մի առանձնատան պատկեր, որը, ըստ բաց աղբյուրների, ոչ թե տվյալ գործով նույնականացված գույք է, այլ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում գտնվող առանձնատան լուսանկար, որը դեռ 2012 թվականին շրջանառվել է ԱՄՆ անշարժ գույքի հրապարակումներում՝ որպես “Sotheby’s International Realty”-ի միջոցով վաճառքի ներկայացված տուն։

Այսինքն՝ պետական մարմինը «բռնագանձման» թեմայով նյութ է հրապարակում, ֆոնին տեղադրում է ամերիկյան միլիոնանոց առանձնատուն, կողքին՝ “G-Class”, վրան՝ շղթա և կողպեք և հանրության համար ձևավորում է այնպիսի տեսողական տպավորություն, թե խոսքը հենց այդ առանձնատան և հենց այդ ավտոմեքենայի մասին է (կամ առնվազն նմանատիպ)։

Այլ կերպ ասած՝ երբ փաստերը դեռ պետք է ներկայացվեն, միշտ կարելի է նախապես աշխատեցնել պատկերավոր դեկորացիան, որպեսզի հանրությունը ինքնուրույն հանգի «պետքական» եզրակացությանը՝ թե, իբր, խոսքը հենց այս կարգի գույքի մասին է։

Մինչդեռ պետական մարմնի խնդիրը հանրության երևակայությունը խթանելն ու կանխակալ տպավորություններ ձևավորելը չէ։ Պետական մարմնի խնդիրը փաստեր ներկայացնելն է։ Իսկ երբ փաստական տվյալների փոխարեն օգտագործվում է ԱՄՆ-ում վաճառքի ներկայացված շքեղ առանձնատան և որևէ ավտոմեքենայի լուսանկար, դա արդեն ոչ թե տեղեկացում է, այլ հանրային ընկալման նպատակային բեմականացում։

Հ/Գ․

Բա որ վաղը նկարում պատկերված՝ ԱՄՆ-ում գտնվող տան իրական սեփականատերը հանկարծ հարցնի, թե ինչու է իր առանձնատան լուսանկարն օգտագործվել ՀՀ պետական մարմնի կողմից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի թեմայով հրապարակման մեջ, ի՞նչ է ասվելու։ Որ տունը պարզապես «մթնոլորտ ստեղծելու համար» էր դրվա՞ծ։ Թե՞ հաշվարկն այն է, որ Կոնեկտիկուտում ապրող մարդը դժվար թե տեսնի, որ իր տունն այստեղ արդեն «բռնագանձվող գույքի» դեկորացիա են սարքել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031