ԱՄՆ-ի 15 կետանոց վերջնագիրը՝ Պակիստանի միջոցով. Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Իրանին

Մի քանի օր է՝ միջազգային հանրությունը փորձում է հասկանալ, թե ի՞նչ բանակցություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի ու Իրանի միջև, ի՞նչ ձևաչափով, կամ ընդհանրապես բանակցություններ տեղի ունենո՞ւմ են, թե՞ ոչ:

Երեք օր է, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հնարավոր բոլոր պաշտոնյաների մակարդակով հերքում է Վաշինգտոնի տարածած տեղեկությունները:

Սակայն ուշագրավն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը բանակցությունները դեռ հունի մեջ նույնիսկ չընկած՝ մանրամասներ է հայտնում, նշում, որ պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում, ովքեր Իրանում բանակցում են «ճիշտ մարդկանց» հետ: Թրամփը վստահեցնում է, թե Իրանը հրաժարվել է միջուկային զենք ձեռք բերել, ինչի մասին Իրանը, թերևս, մշտապես է հայտարարել, ինչպես նաև Թրամփը հայտարարում է, թե Թեհրանն էներգետիկ ոլորտի հետ կապված՝ մեծ զիջում է արել ԱՄՆ-ին: Ըստ նրա, խոսքն արժեքավոր նվերի մասին է: Թրամփը նաև հույս է հայտնում, որ հետագա բանակցություններն արդյունավետ են լինելու:

Իրանի համապատասխան գերատեսչությունները հերքում են բանակցությունների մասին տեղեկությունները, պնդելով, թե Իրանի ուղերձը հստակ է՝ շարունակում են պաշտպանվել: Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ը ինքն իր հետ է բանակցում, և կոչ է արել սեփական պարտությունը «համաձայնություն» չանվանել:

Կարդացեք նաև

«Դուք այլևս չեք տեսնի ոչ ձեր ներդրումները տարածաշրջանում, ոչ էլ էներգակիրների և նավթի նախկին գները, մինչև չհասկանաք, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորում Է մեր հզոր զինուժը»,- հայտարարել է Իրանի բանակի խոսնակը:

Արևմտյան ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Սպիտակ տան պաշտոնյաներն ամերիկյան լրատվամիջոցներին ասել են, որ ԱՄՆ-ը 15 կետանոց առաջարկ է Պակիստանի միջոցով փոխանցել Իրանին: Հաղորդվում է, որ Իրանին առաջարկվում է ապամոնտաժել երեք հիմնական միջուկային օբյեկտները, դադարեցնել ուրանի հարստացումը, սահմանափակել աջակցությունն իր պրոքսիներին, ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը և սահմանափակել հրթիռային ծրագիրը, որի դիմաց կվերացվեն միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները, ԱՄՆ-ը կաջակցի Իրանին քաղաքացիական միջուկային ծրագրի հարցում: Արևմտյան լրատվամիջոցները նաև նշում են, որ Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը փորձում են 48 ժամում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադում: Պակիստանը հաստատել է՝ պատրաստ է հյուրընկալել բանակցությունները:

Պակիստանում Իրանի դեսպանը, սակայն, ասել է, թե ԱՄՆ-ի հետ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ դեռևս չեն ընթանում, սակայն «բարեկամ երկրները» խորհրդակցություններ են անցկացնում կողմերի հետ։

Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Սաիդ Ջալիլին հայտարարել է, որ 25 օր անց Իրանի թշնամիները խոստովանում են, որ հասել են մի կետի, որտեղ Իրանի ուժն ակնհայտ է դարձել։ «Ամեն անգամ, երբ թշնամին թուլություն է զգում, և դուք հասնում եք նրանց թիկունքին, նրանք դիմում են խաբեության և խորամանկության՝ իրենց գործողությունները շարունակելու համար։ Նախկինում թշնամին ասում էր. «Ես թույլ չեմ տա Իրանին վաճառել մեկ բարել նավթ»։

Հիմա, երբ մենք հակահարված ենք տվել, նույնիսկ առանց մեր խնդրանքի, նրանք ասում են. «Գնացեք, Իրանից նավթ գնեք»։ Մի՞թե սա Իրանի ուժի դրսևորում չէ։ Մենք պետք է համախմբենք և զարգացնենք այս ուժը։ Մեր երկրի առաջընթացը պետք է համախմբվի և երաշխավորվի, և դա պահանջում է, որ յուրաքանչյուր ոք, ով փորձում է սպառնալ մեր ժողովրդին, զղջա իր սպառնալիքի համար»,- հայտարարել է Ջալիլին:

Մինչ բանակցությունների մասին հայտարարությունները և գործընթացները չեն դադարում, պատերազմը շարունակվում է, Reuters-ի տվյալներով, Պենտագոնը նախատեսում է ցամաքային զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք ցամաքային օպերացիա սկսելու համար:

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ միջազգային հարաբերություններում նման ասիմետրիկ իրավիճակները բավական տարածված են և հաճախ արտացոլում են բազմաշերտ ռազմավարություն։

Նրա գնահատմամբ, Թրամփի հռետորաբանությունը կարելի է դիտարկել՝ որպես դիվանագիտական ճնշման գործիք։

«Բանակցությունների մասին խոսելով՝ Վաշինգտոնը փորձում է ձևավորել ընկալում, թե Իրանը ստիպված է նստել սեղանի շուրջ, նույնիսկ, եթե դա հրապարակային չի ընդունում։ Սա հոգեբանական և քաղաքական ճնշում է Թեհրանի նկատմամբ, ինչպես նաև որոշակի ֆոն է ստեղծում պատերազմի շուրջ, որ Իրանը հրադադար է խնդրում, պատրաստ է զիջումների, և այլն: Թեհրանի հերքումն էլ նպատակ ունի չեզոքացնել այն նպատակը, որն ամերիկյան վարչակարգը հետապնդում է այս հայտարարություններով:

Ամերիկյան վարչակարգը սրանով նաև ներքաղաքական նպատակներ է հետապնդում, քանի որ պատերազմն օրեցօր նոր դժգոհություններ է բարձրացնում ԱՄՆ-ում նախագահ Թրամփի դեմ: Նա փորձում է պահպանել իր քաղաքական իմիջը:

Դա փորձում է անել նաև իր դաշնակիցների, գործընկերների շրջանում, ցույց տալով, որ ԱՄՆ-ը իրավիճակը վերահսկողի դերում է: Սակայն շատերն են հասկանում, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես հայտարարվում է»,- ասաց Եվսեևը:

Սակայն նա նաև չի բացառում, ավելին՝ վստահ է, որ կան կողմերին մոտեցելու փորձեր, ինչն անում են միջնորդները, որոնք մի քանիսն են:

«Դատելով տեղեկատվությունից, միջնորդավորված, կուլիսային աշխատանք կա երրորդ երկրի կողմից: Ակնհայտ է նաև մեկ այլ բան, որ չնայած այդ աշխատանքին, Իրանը ներկայումս ունի անհամեմատելի կարծր դիրքորոշում, քան նախորդ որևէ փուլում, և սա բարդացնում է թե միջնորդների, թե ԱՄՆ-ի իրավիճակը:

Մյուս կողմից՝ կարծում եմ, որ ԱՄՆ-ը դիտարկում է նաև ցամաքային սցենարը, թեև այն ռիսկային ու բարդ է թվում: Այնուամենայնիվ, Թրամփի բանակցությունների մասին հայտարարություններն առավելապես պետք է ընկալել՝ որպես ռազմավարական գործիք, որը փորձ է ներկայումս լուծել մի շարք խնդիրներ, որոնք առաջացել են ԱՄՆ-ի համար այս պատերազմի հետևանքով»,- ասաց Եվսեևը:

Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը չի ցանկանում պարտվել ոչ պատերազմական գործողություններում, ոչ տեղեկատվական դաշտում, կրելով իմիջային մեծ կորուստներ: «ԱՄՆ-ի նման երկրի համար դա չափազանց կարևոր է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031