Իրանը տրամադրված է Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը
Իրանը տրամադրված է հարաբերությունների հետագա ամրապնդմանը Ռուսաստանի և Չինաստանի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նեիկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Երկու երկրներն էլ (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող իրադարձություններում: Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք` շարունակելու ամրապնդնել հարաբերություններն այդ երկրների հետ», – նշել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
Բաղային նաև հայտնել է, որ Իրանը խորհրդակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձավորարևելյան օրակարգի հարցերի շուրջ։
«Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի և Չինաստանի՝ այն երկրների հետ, որոնց հետ մենք կնքել ենք բազմաթիվ համաձայնագրեր…. Մենք խորհրդակցում ենք նրանց հետ տարածաշրջանային հարցերի շուրջ», – նշել է նա:



