Կապի օպերատորները զգուշացրել են Մոսկվայում ինտերնետի անջատման մասին մայիսի 5-ից 9-ը
Մոսկվայում մայիսի 5-ից 9-ը կսահմանափակեն բջջային ինտերնետն ու SMS-ների ուղարկումը։ Այս մասին կապի օպերատորները սկսել են զգուշացնել բաժանորդներին իրենց հաղորդագրություններում, հաղորդում է «Осторожно, новости» պարբերականը։ «Անվտանգության միջոցառումների ապահովման նպատակով Մոսկվայում մայիսի 5-ից 9-ը տոնական միջոցառումների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր են բջջային ինտերնետի և SMS-ների աշխատանքի ժամանակավոր սահմանափակումներ։ Խորհուրդ ենք տալիս ինտերնետ մուտք գործելու համար օգտագործել Wi‑Fi, իսկ ձայնային զանգերի համար՝ սմարթֆոնի կարգավորումներում միացնել VoLTE գործառույթը», — ասվում է «Билайн»-ի նախազգուշացման մեջ։ Ընկերությունում հաստատել են նախապատրաստվող սահմանափակումները։
Մինչ այդ «BBC-ի ռուսական ծառայության» աղբյուրները հեռահաղորդակցության շուկայում զգուշացրել էին, որ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթից առաջ իշխանությունները ծրագրում են բջջային կապի «ավելի հզոր» սահմանափակումներ, քան մեկ տարի առաջ։ Զրուցակիցներից մեկը նշել էր, որ կապը «խլացնելու» են մայիսի 5-ին, 7-ին և 9-ին՝ ոչ միայն Սադովոյե կոլցոյի, այլև ՄԿԱԴ-ի սահմաններում։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել են «Коммерсант»-ի և Forbes-ի աղբյուրները։ Առաջին անգամ Մոսկվայի բնակիչները ինտերնետի լայնածավալ անջատումների բախվել էին մեկ տարի առաջ՝ Հաղթանակի օրվա 80-ամյակի տոնակատարությունից առաջ։ Դրանից հետո նման անջատումներ տեղի ունեցան ամբողջ երկրում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ պայքարի շրջանակում։
Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սվինցովը ապրիլի 29-ին հայտարարել էր, որ սահմանափակումները կարող են վերաբերել ոչ միայն բջջային, այլև լարային ինտերնետին։ «Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներն արդեն վաղուց սովոր են դրան», — նկատել էր Սվինցովը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին 2007 թվականից ի վեր առաջին անգամ չի ներկայացվի ռազմական տեխնիկան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ միջոցառումը կանցնի «կրճատված ձևաչափով»՝ «օպերատիվ իրավիճակի» և Կիևի կողմից եկող «ահաբեկչական սպառնալիքի» պատճառով։
Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը վերսկսել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները Մոսկվայի վրա։ Մայիսի 3-ին և 4-ին մայրաքաղաքի վերևում գրանցվել էր 11 դրոն։ Դրանցից մեկը հարվածել է Մոսֆիլմովսկայա փողոցում գտնվող բնակելի շենքին, որը գտնվում է Կրեմլից 6 կմ հեռավորության վրա։



