Սողացող կապիտուլյացիա է․ չպատերազմի այս ռեժիմը լեգիտիմացնում է օկուպացիան, TRIPP-ն ակտուալ չի լինելու․ Սուրեն Սուրենյանց
«Խաղաղության մոդելներ. Երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբջան» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ նախընտրական պրոցեսին ու հետընտրական հեռանկարներին։
«Հայաստանի իշխանությունն ընտրական գործընթացը ներկայացնում է մի կեղծ երկընտրանքի լույսի ներքո՝ իբրև թե ընտրությունը լինելու է խաղաղության և պատերազմի միջև։ Սա իրականում կեղծ երկընտրանք է, Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, չկա որևէ լուրջ քաղաքական գործիչ, որ իր վարքագծով, խոսույթով, իր օրակարգով կարող է գեներացնել պատերազմ, կամ նախադրյալներ ստեղծի պատերազմի համար։ Հակառակը, եթե մի իշխանություն կամ քաղաքական ուժ կա, որը «պատերազմ» բառի հոմանիշն է, հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն են։
Ուզում եմ ուղղակի հիշեցնել՝ 2018 թվին այդ քաղաքական ուժի ընտրությունը հանգեցրել է պատերազմի, 2021 թվի վերընտրությունը հանգեցրել է Արցախի կործանմանը, 2026 թվին սեղանի վրա դրված է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, եթե, Աստված մի արասցե, այս իշխանությունը վերարտադրվի»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա՝ ընտրական գործընթացի ընթացքում ոչ թե պատերազմ-խաղաղություն կեղծ երկընտրանքները պետք է լինեն քննարկման թեմա, այլ խաղաղության մոդելների ընտրության հարցը։
«Այն մոդելը՝ խաղաղության, եթե դա ընդհանրապես կարելի է խաղաղության մոդել անվանել, որը որդեգրվել է Փաշինյանի կողմից, հիմնված է միակողմանի զիջումների, ուժի պարտադրանքի ներքո արված զիջումների, Հայաստանի քաղաքակրթական ինքնության դեմ անզուսպ պայքարի և նման բաների վրա, այլ խոսքով ասած՝ գործ ունենք սողացող կապիտուլյացիայի գործընթացի հետ։
Մյուս քաղաքական ուժերը, բնականաբար, խաղաղության իրենց մոդելներն են առաջարկելու, որը որևէ կերպ, կրկնում եմ, որևէ աղերս չունի պատերազմի վերսկսման, պատերազմի ռիսկի հետ։
Այս իրավիճակը՝ չպատերազմի այս ռեժիմը, լեգիտիմացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան։ Դելիմիտացիան, դեմարկացիան, ըստ էության, ձևական բնույթ է կրում, որն ուղղված է Հայաստանից օկուպացված 240 կմ տարածքների օկուպացիայի լեգիտիմացմանը, վտանգներ ստեղծվում դեմոգրաֆիկ էքսպանսիայի համար, որտեղ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խրախուսել, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը․․․»,- մանրամասնեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում




