ԻՐԱՆ-ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄ. ՕՐ 5-ՐԴ (թարմացվող)

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել․ արդեն հինգերորդ օրն է, ինչ շարունակվում է Իրան–ԱՄՆ–Իսրայել հակամարտությունը։ Կողմերը փոխանակում են հարվածներ, հնչում են կոշտ հայտարարություններ, իսկ տարածաշրջանում անվտանգության ռիսկերը մեծանում են ժամ առ ժամ։

Թեհրան, 4 մարտի, ԻՐԱՆ – Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության կրիտիկական նշանակության օբյեկտի հաջող խոցման մասին։

Համաձայն պաշտոնական հայտարարության՝ ամերիկյան արտադրության THAAD հակաօդային պաշտպանության երկրորդ համակարգը շարքից դուրս է բերվել ԻՀՊԿ Ռազմատիեզերական ուժերի գերճշգրիտ հրթիռների ուղիղ հարվածի հետևանքով։

***

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է ամերիկյան F-15 կործանիչ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 2-ին Իրանի զինված ուժերը հայտարարել էին հայրենական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերով ամերիկյան 3 կործանիչ խոցելու մասին։

***

Արևմտյան մի քանի ԶԼՄ ևս հայտնում է, որ Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին։ Առաջնորդի մյուս թեկնածուներից են եղել Ալիռեզա Արաֆին, Հասան Խոմեյնին (նրանց մասին գրել եմ այստեղ)։

Իրանից պաշտոնական հաստատում դեռ չկա։

***

Ըստ արբանյակային պատկերների` իրանական հրթիռային և անօդաչու հարվածները վնասել են Մերձավոր Արևելքում տեղակայված մի շարք ամերիկյան ռազմական օբյեկտների կապի և ռադարային ենթակառուցվածքները, այդ թվում՝ Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում։

***

Իրանի ռեժիմի կողմից նշանակված յուրաքանչյուր առաջնորդ, որը կոչված է շարունակելու և ղեկավարելու Իսրայելը ոչնչացնելու, ԱՄՆ-ին և տարածաշրջանի երկրներին սպառնալու ծրագիրը, կլինի ոչնչացման անվիճելի թիրախ։

Իսրայելի ՊՆ Իսրայել Կաց

***

Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազային:

***

Իսրայելը կրկին հարվածել է Թեհրանին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրականացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողության 17-րդ փուլը՝ ամերիկյան և իսրայելական թիրախների ուղղությամբ արձակելով ավելի քան 40 հրթիռ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մի քանի ժամ առաջ իրականացվել է «Ճշմարիտ խոստում – 4» գործողության 17-րդ փուլը, որի ընթացքում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի կողմից ամերիկա-սիոնիստական թիրախների ուղղությամբ արձակվել է ավելի քան 40 հրթիռ»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
***

Իսրայելցի զինվորականները թիրախ կհամարեն Իրանի ցանկացած նոր գերագույն առաջնորդի, որը փոխարինելու կգա ամերիկա-իսրայելական հարվածներից սպանված այաթոլլա Ալի Խամենեիին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Ցանկացած առաջնորդ, որին կնշանակի իրանական ահաբեկչական ռեժիմն Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու ծրագրերն իրականացնելու և իրանցի ժողովրդին ճնշելու համար, միանշանակ ոչնչացման թիրախ կդառնա։ Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է նա թաքնվում», – գրել է Կացը X հարթակի իր էջում։

Նա նաև խոստացել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները կշարունակեն «ջախջախել վարչակարգի հնարավորությունները» և պայմաններ կստեղծեն, որ «իրանցի ժողովուրդը իշխանափոխություն իրականացնի»։

***

Բեյրութի հյուսիս-արևելքում գտնվող Բաալբեք քաղաքում իսրայելական օդուժի կողմից բնակելի համալիրին ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։Տարբեր գերատեսչություններ ներգրավված են փլատակներում մնացած անձանց որոնողափրկարարական աշխատանքներում։

Բաալբեքի քաղաքապետը հայտնել է, որ բնակելի համալիրում բնակվում էին միայն քաղաքացիական ընտանիքներ:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով մարտի 2-ի լուսաբացից մինչև մարտի 3-ի երեկո զոհերի թիվը հասել է 50-ի, իսկ վիրավորներինը՝ 335-ի։

***
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35I «Adir» կործանիչը խոցել է Իրանի ռազմաօդային ուժերի YAK-130 կործանիչ ինքնաթիռը։

Իսրայելի ՊԲ

***

Իրանական ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազային։

***
Իրանը վնասել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան առնվազն յոթ ռազմական օբյեկտների կապի և ռադարային սարքավորումները, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով արբանյակային տվյալներին։

«Իրանի կողմից շաբաթավերջին և երկուշաբթի օրը իրականացված հարվածները վնասել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան առնվազն յոթ ռազմական օբյեկտների կապի և ռադարային համակարգերի մաս կազմող կամ դրանց մոտակայքում գտնվող կառույցներ»,- նշվում է հոդվածում:

***
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը մարտի 3-ին տեսաուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործություններում ներգրավված է ավելի քան 50 000 զինծառայող, 200 կործանիչ և 2 ավիակիր, ինչպես նաև ռմբակոծիչներ։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է X հարթակում CENTCOM-ի էջում։

«Մենք արդեն գրեթե 2000 թիրախ ենք խոցել ավելի քան 2000 զինամթերքով։ Մենք մեծ հարված ենք հասցրել Իրանի հակաօդային պաշտպանությանը և ոչնչացրել Իրանի հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ և անօդաչու թռչող սարքեր», – նշել է նա։

Քուփերը հավելել է, որ ամերիկյան B-2 և B-1 ռմբակոծիչները ճշգրիտ հարվածներ են հասցրել իրանական բազմաթիվ միջուկային օբյեկտների, իսկ B-52 ռմբակոծիչը հարվածել է բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված հրամանատարական և վերահսկողական դիրքեր։

***
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածների նոր փուլ է սկսել Իրանի ուղղությամբ։ Իրանն իր հերթին հայտնել է Իսրայելի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ հարվածների մասին։

ԻՊԲ-ն հաղորդագրության մեջ նշել է, որ թիրախավորել է Իրանի հրթիռային կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը և լրացուցիչ ենթակառուցվածքներ։

Թիրախավորվել են նաև մայրաքաղաք Թեհրանը, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ուժերը, Իրանի ներքին անվտանգության հրամանատարության հետ կապված շենքերը։

Միևնույն ժամանակ, CBS News հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան B-2 ռմբակոծիչները հարվածել են ԻՀՊԿ հրամանատարական կետերին, ինչպես նաև զենքի պահեստներին ու իրանական հրթիռների արտադրամասին։

***

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար որևէ հիմք չունի։ Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին և ունակ է շարունակել ռազմական գործողությունները, հայտարարել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի օգնական Մոհամմադ Մոխբերը։

«Ամերիկացիների նկատմամբ վստահություն չկա, բանակցությունների համար հիմք չկա։ Կարևորն այն է, որ մենք կարողանանք շարունակել պատերազմը. մենք ունենք ութ տարվա պատերազմի փորձ։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ մենք չենք վախենում պատերազմից, մենք չենք վախենում այն ​​շարունակելուց»,- ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում:

***
Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում «անջատողական խմբավորումների» դիրքերին: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Այդ խմբավորումների բազաները և գտնվելու վայրերը հաջողությամբ խոցվել են երեք հրթիռի օգնությամբ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։

ԻՀՊԿ-ն նշել է, որ խոցել է Իրաքյան Քրդստանում «անջատողական խմբավորումների» թիրախները։

***

Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը հայտարարել են իրանական հարձակումների նոր ալիքի մասին։ Հարձակումների վերաբերյալ տվյալներն ամփոփել է Սաուդյան Արաբիայում գտնվող The New York Times-ի թղթակիցը։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 4-ին որսացել է 121 անօդաչու թռչող սարք և 3 բալիստիկ հրթիռ, ևս 8 անօդաչու թռչող սարք ընկել է երկրի տարածքում։

Կատարը հայտարարել է, որ որսացել է 10 իրանական անօդաչու թռչող սարք և 2 թևավոր հրթիռ։ Իսկ Քուվեյթի բանակը հայտնել է, որ ակտիվորեն հակազդում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների նոր ալիքին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Տեսանյութեր

Լրահոս