Ռուսաստանը մերժում է Փաշինյանի «վաճառքի» պլանը

Ռուսաստանի Դաշնությունը կարծես չի ցանկանում ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին՝ հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական վերահսկողությունից դուրս բերելու և երրորդ կողմի հանձնելու մասին առաջարկը: Այս մասին երեկ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ վերջին ճեպազրույցներից մեկի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի ՀՀ-ի ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր: Նշենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումը 2008թ. 30 տարի ժամկետով իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը Ռուսաստանի երկաթուղու դուստր ձեռնարկությունն է։ Փաշինյանն ասել էր, որ երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը:

«ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ՝ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ո՞նց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»: Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է, ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին»,- նշել էր Փաշինյանը՝ ընդգծելով, թե՝ «Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը»,- հավելել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

Այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ԹՐԻՓՓ-ը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին՝ այնտեղից շարունակվելով դեպի Թուրքիա և Եվրոպա: Այս մասին օրերս Մյունխենում հայտարարեց Իլհամ Ալիևը, անդրադառնալով ենթակառուցվածքին և բացահայտելով այն, որ երկաթուղին Նախիջևանից չի մտնելու Երասխ, հասնելու Ախուրիկ (Գյումրի) և հետո՝ Կարս, այլ միայն ծառայելու է՝ որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի: Եվ, փաստորեն, Փաշինյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ երկաթուղին կառավարում են ռուսները:

Մարիա Զախարովայի գնահատմամբ՝ սրանք տարօրինակ հայտարարություններ են, որոնք դժվար թե ընդունելի լինեն։ Նրա խոսքով, Ռուսաստանը պաշտպանում է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը, որի նպատակով, ըստ նրա, շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

«Հիշեցնեմ, որ Հայաստանի երկաթուղային ցանցը, 20 տարուց ավելի է, ինչ կառավարում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն։ Եվ այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև՝ դա, հավանաբար, մոռացել են Երևանում, զգալի միջոցներ է ներդրել, ներդրումներ արել։ Բայց որքանով ես հասկանում եմ, ենթակառուցվածքների և շարժակազմի ծախսերը դեռևս չեն արդարացվել։ Այն ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, որոնք, իմ կարծիքով, նույնպես պետք է հաշվի առնվեն նրանց կողմից, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցը Հայաստանում։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Մեր դիրքորոշումը՝ Հայաստանի խնդրանքով Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին կապող երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, հստակ արտահայտել է փոխվարչապետ Ալեքսեյ Լոգնովիչ Օվերչուկն այս տարվա փետրվարի 12-ին։ Մենք կպահպանենք այս դիրքորոշումը»,- հայտարարել է Զախարովան։

«168 ԺԱՄ»-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հայաստանի երկաթուղային ցանցի վերաբերյալ ՀՀ իշխանությունների հնչեցրած վերջին մի քանի առանցքային հայտարարությունները լիովին հասկանալի չեն, նույնիսկ հակասում են միմյանց: Ըստ նրա, մեկ այլ հայտարարությամբ հայկական կողմը Ռուսաստանին խնդրում է սկսել երկաթուղային ցանցի վերականգնման գործընթաց մի քանի ուղղություններով։

«Օրերս ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ ՌԴ-ն, հաշվի առնելով ՀՀ առաջարկը, սկսում է երկաթուղային որոշ գծերի վերականգնման գործընթաց: Իսկ ներկայումս առաջարկվում է ՌԴ այդ իրավունքը վաճառել մեկ այլ կողմի, քանի որ ՌԴ այդօրինակ ներկայությունը ՀՀ-ում, ըստ հայտարարությունների, խանգարում է որոշ կողմերի: Մի փոքր հակասություն կա այս երկու հայտարարությունների միջև, որը թույլ է տալիս մտածել, որ գուցե այս հարցով վերջին շրջանում չի հաջողվել պայմանավորվածությունների հանգել, ուստի հայկական կողմը փոխել է մոտեցումը: Կամ՝ կրկին դրված է ՌԴ դիրքերը թուլացնելու հարց, ինչը ևս անակնկալ չէ, և, եթե դիտարկենք Ռուսաստանի հետ կապված բոլոր զարգացումները, ապա սա տրամաբանական է:

ՌԴ ԱԳՆ դիրքորոշումից կարելի է հասկանալ, որ ՌԴ-ն շարունակելու է վերականգնման գործընթացը, որի հարցով Երևանն արդեն իսկ դիմել է Ռուսաստանին: Եթե չեմ սխալվում, թեման ամենաբարձր մակարդակով քննարկումների առարկա էր եղել, այսինքն՝ երկաթուղային գծերի վերականգնման թեման քննարկվել և բանակցվել էր կողմերի միջև, ուստի դժվար է պատկերացնել, որ այդ մակարդակով որոշումները նման արագությամբ կարող են այսպես չեղարկվել կամ այլ որոշումներ կայացվել:

Ի վերջո, խոսքը բարձրաստիճան պայմանավորվածությունների, ռուսական ներդրումների մասին է: Կարծում եմ նաև, որ այդ գործընթացի մեկնարկից առաջ Ռուսաստանն արդեն իսկ համապատասխան քաղաքական ներքին աշխատանք է իրականացրել»,- ասաց Խրամչիխինը:

Բացի այդ, նրա խոսքով, էական է նաև այն, որ ՌԴ-ն ցանկանում է մասնակցել ռեգիոնալ կապուղիների ձևավորման գործընթացին, թեև այդ առաջարկը մեծ հավանության չի արժանանում:

«Բայց կրկնեմ, որ այս թեմայի շուրջ որոշ հարցեր են առաջացել, որոնք դեռ հնարավոր չէ հասկանալ լիովին»,- ասաց Խրամչիխինը:

Տեսանյութեր

Լրահոս