«Ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչներին բերել՝ իրենց ապագա երթուղին էին ցույց տալիս Տավուշում». Կարեն Ղազարյան
Փետրվարի 13-ին Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստան էին եկել ցամաքային սահմանով՝ երկու երկրների միջև եղած ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը պատահական չի համարում, որ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին Հայաստան են բերել հենց ցամաքային ճանապարհով՝ այն էլ Տավուշի Ոսկեպարի հատվածով։
«Մինչ իրենց գալը մենք տեղյակ չենք եղել, իշխանության շրջանակներից այդ տեղեկատվությունը դուրս չի եկել։ Ժողովուրդը երբ իմացավ՝ նրանք այս հատվածով են եկել, շատ զայրացած են։ Ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածով են եկել՝ եկեղեցու հարակից հատվածով, ժողովուրդն այդ ամենին շատ վատ է նայում։
Ըստ իս, նրանց այդ ճանապարհով են բերել, քանի որ հենց այդ հատվածով ադրբեջանական կողմին պետք է ճանապարհ տրվի, երթուղի՝ դեպի Վերին Ոսկեպար։ Այսպիսով՝ ՀՀ իշխանությունն ադրբեջանցիներին ցույց տվեց նաև իրենց հետագա երթուղին, հակառակ պարագայում կարող էին Կիրանցի հատվածով նրանց բերել։ Ժողովուրդն էլ է այս կարծիքին, որ ադրբեջանցիներին բերել ու իրենց ապագա երթուղին էին ցույց տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը։
Ըստ նրա, Տավուշում Ադրբեջանի հետ առհասարակ խաղաղություն չեն պատկերացնում, քանի որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այն է, որ այս տարածքում առհասարակ հայ ու Հայաստան չլինի։
«Այս քաղհասարակության անդամները, որոնք իբրև թե խաղաղություն են քարոզում, ՔՊ-ի ընտրյալներն են, իսկ ադրբեջանական կողմից՝ Ալիևի ռեժիմի ներկայացուցիչներ։ Արցախյան պատերազմից հետո էլ են եղել խմբեր, որ գնացել են Բաքու, Բաքվից եկել են Երևան, բայց դրանով խաղաղություն չի հաստատվել։ Խաղաղության մասին են խոսում նաև այն դեպքում, երբ Ալիևը հոխորտում է, որ անպայման պետք է փոխվի ՀՀ Սահմանադրությունը։
Դե, հնարավոր է՝ Սահմանդրությունն էլ այնպես փոխեն, որ Հայաստանը գոյություն ունենա, բայց թե ինչ կարգավիճակով՝ հարց է»,- շեշտեց նա։
Կարեն Ղազարյանը նաև ցավով արձանագրեց, որ այսօր կան մարդիկ, որոնց համար տուն կորցնելը միևնույն է, միայն թե իրենց Կառավարությունը գումար տա։ Տավուշի այն հատվածներում, որտեղ դեռ սահմանազատում ու սահմանագծում պետք է անեն, այդ տարածքների բնակիչների մի մասը զանգահարում ու հարցնում է՝ «հիմա ի՞նչ, ստորագրեմ, փողս վերցնե՞մ»։
«Կան այդպիսի մարդիկ, ցավոք, նրանք արդեն մտադրվել են փող վերցնեն, բառիս բուն իմաստով նրանք «նիկոլական» են։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը տանջամահ է լինում Բաքվի բանտերում, սրանք եկել խաղաղություն են քարոզում։
Չգիտեմ, Իշխանասարում ով է տեսել, բայց ես տեսել եմ թշնամու կողմից մեր զավթված տարածքները, տեսել եմ նրանց դիրքերի հաջորդականությունը և տեսել եմ նաև մերը։
Մարդիկ չեն կարողանում մեկնաբանել, թե ինչպես կարող է պատերազմ չլինել, ի՞նչ երաշխիքներ կան, նրանք լսել են միայն ՔՊ-ի քարոզը»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը։



