Ուկրաինան 690 միլիոն դոլար է ստացել Կանադայից ու Ճապոնիայից
Ճապոնիան և Կանադան Extraordinary Revenue Acceleration (ERA) ծրագրի շրջանակում Ուկրաինային են տրամադրել 690 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
ERA-ն Մեծ յոթնյակի՝ G7-ի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով:
Միջոցները տրամադրվել են որպես դրամաշնորհ Համաշխարհային բանկի միջոցով: Դրանք ERA-ի ընդհանուր 50 միլիարդ դոլարի ֆինանսավորման փաթեթի մաս են կազմում: Ճապոնիան ներդրել է 544 միլիոն դոլար, իսկ Կանադան՝ 146 միլիոն դոլար:
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հիշեցրել է, որ փետրվարի 6-ին նախարարությունը և Համաշխարհային բանկը համաձայնագիր էին ստորագրել «Ուկրաինայում կայուն պետական կառավարման պետական ծախսերի աջակցություն» (PEACE in Ukraine) նախագծի շրջանակում դրամաշնորհային միջոցներ տրամադրելու վերաբերյալ:



