Մեր բիզնեսը պիտի արձանագրի՝ արտահանման ուղին Ադրբեջանով՝ երկաթուղային, բաց է. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանից դեպի Թուրքիա երկաթուղային և ավտոմոբիլային ամենակարճ երթուղին Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ճանապարհն է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Նա հետաքրքրվեց` «Թրամփի ուղու» նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվե՞լ է նաև Իջևանի և Ադրբեջանի միջև երկթուղային հատվածի վերականգման մասին։ Ի պատասխան Փաշինյանն հաստատեց, որ այո, այդ հարցը քննակվում է։
«Հայկական կողմի հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան էլ տարօրինակ չթվա` Ադրբեջանցի դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին դա է։
Առավելևս, որ Ֆիոլետովոյի հատվածում շատ կարճ միջակայք կա. եթե Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ ամենակարճ ճանապարհը Ադրբեջանից դեպի Թուրքիա այս երթուղին է»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանքներ կան, որոնք ընդհատել էին երկաթուղու աշխատանքները։
«Դա լուծելի հարց է` կախված նրանից, թե ինչպիսի պոտենցիալ հոսքեր կանցնեն այդ տեղով։ Այսինքն, եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ցուցաբերի, շահութաբերության հեռանկար ունենա, ապա կարելի է հարցը լուծել»,– նշեց Փաշինյանը։



