ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի նավաշինարարական պոտենցիալը
ԱՄՆ-ն Չինաստանի հետ ծովային աճող մրցակցության պայմաններում քննարկում է Թուրքիայի հետ ռազմածովային համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բրիտանական «Middle East Eye»-ի լրատվակայքի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը հետաքրքրված է Թուրքիայի ժամանակակից նավաշինարանների, ռազմական նավերի արտադրական ներուժի և մասնագետների հնարավորություններով։
Նշվում է, որ ԱՄՆ պաշտոնյաների փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը Թուրքիային դիտարկում է որպես հավանական գործընկեր՝ ԱՄՆ ռազմածովային նավատորմի նավերի պակասը լրացնելու հարցում։ Նշվում է, որ թուրքական նավաշինարանները միաժամանակ կարող են արտադրել ավելի քան 30 ռազմական նավ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նավաշինության ճգնաժամի պայմաններում հնարավոր է անհրաժեշտ լինի ներգրավել դաշնակիցներին։ Չնայած Կոնգրեսում առկա քաղաքական խոչընդոտներին, Վաշինգտոնում մի շարք շրջանակներ Թուրքիային դիտարկում են որպես կարևոր ՆԱՏՕ-ական գործընկեր։
Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ պատվիրակության վերջին այցը Ստամբուլի նավաշինարաններ դիտարկվում է որպես համագործակցության ուղղությամբ գործնական քայլ։



