Ես առաջադրվել եմ. Ինչո՞ւ պետք է դատախազի հետ լարված լինեն հարաբերությունները. հանրաքվեն կլինի ընտրություններից հետո. Գալյան
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրեն կտեսնեն 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունների ՔՊ ցուցակում, հատկապես, երբ տեղեկություններ կան, որ կա՛մ ինքը պետք է հայտնվի, կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Այս հարցադրումներին ի պատասխան՝ Սրբուհի Գալյանն ասաց, որ առաջադրվել է ՔՊ ցուցակում լինելու համար:
«Եվ դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և մասնագիտական աջակցության պատրաստակամությունն այս ողջ պրոցեսի ընթացքին: Դա իմ ցանկությունն է՝ առաջադրվել և մասը կազմել նախընտրական պրոցեսի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հարաբերություններին և մրցակցության մեջ լինելուն, Արդարադատության նախարարը նշեց. «Որոշակի պաշտոններ որոշակի սահմանափակումներ են ենթադրում, գոյություն ունի ապաքաղաքականության կամ ապաքաղաքական լինելու սկզբունք»:
Սրբուհի Գալյանը վստահեցրեց, որ իր և Աննա Վարդապետյանի հարաբերությունները լարված չեն:
«Ինչո՞ւ պետք է լարված լինեն, երբեք չեն եղել և, իհարկե, լարված չեն»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին՝ Սրբուհի Գալյանը հայտնեց, որ ժամկետները որոշված չեն:
«Կարծում եմ, որ հանրաքվեն կկազմակերպվի ընտրություններից ուշ, բայց թե ե՞րբ, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում



