Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կոլումբիայի նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին՝ երկու ղեկավարների միջև վերջին ամիսների լարված հարաբերություններից հետո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հանդիպումը տևել է 2 ժամ և անցկացվել լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։ Երկու նախագահներն էլ հանդիպումը դրական են գնահատել։
Բանակցություններից հետո Պետրոն հայտնել է, որ Թրամփին փոխանցել է Կոլումբիայից դուրս բնակվող խոշոր թմրամաքսանենգների ցանկը և խնդրել է օգնել իրեն նրանց բռնելու գործում։ Նա նաև ԱՄՆ նախագահին խնդրել է միջնորդել՝ հարթելու տարաձայնությունները Կոլումբիայի և հարևան Էկվադորի միջև, որի նախագահ Դանիել Նոբոան Թրամփի մտերիմ դաշնակիցն է։
Մամուլի ասուլիսում Պետրոն նաև հայտնել է, որ Կոլումբիան ընդլայնել է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։ Կողմերը քննարկել են նաև Վենեսուելայի վերականգնման ուղիները և էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Կոլումբիան համատեղ կպայքարեն Վենեսուելայի տարածքում գործող աշխարհազորային և ահաբեկչական կազմակերպությունների դեմ։
Թրամփի և Պետրոյի միջև հարաբերությունները բավական սրված էին։ 2025 թ. հոկտեմբերին Թրամփը Պետրոյին մեղադրել էր թրմավաճառության համար, իսկ 2026 թ. հունվարին չէր բացառել Կոլումբիայի դեմ ռազմական գործողությունը՝ մեղադրելով երկրին թմրանյութերի ապօրինի շրջանառության վերահսկողությունը ձախողելու համար։
ԱՄՆ նախագահը նաև Կուլումբիայի նախագահին ներառել էր պատժամիջոցների ցուցակում։ Պետրոն էլ իր հերթին Թրամփի վարչակազմի հարվածները Կարիբյան ավազանում նավերին անվանել է պատերազմական հանցագործություններ, իսկ հունվարի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ գործողությունը՝ «առևանգում»։
Հունվարին երկու ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում Թրամփը Պետրոյին հրավիրել էր Սպիտակ տուն։



