Թուրքիա. շահումով առցանց խաղերն աճող խնդիր են դառնում, այդ թվում՝ բանակի, ուժային կառույցների համար

Թուրքիայում պաշտոնյաներն ու քաղաքացիական հասարակության խմբերն ավելի հաճախ են հաղորդում Թուրքիայի զինված ուժերում առցանց խաղերի (շահումով խաղերի) և ինքնասպանությունների միջև կապի մասին: Իշխանությունների համար գնալով ավելի դժվար է դառնում անտեսել զինծառայողների մահվան մեջ վիրտուալ խաղադրույքների դերի վերաբերյալ մտահոգությունները:

2025 թվականի նոյեմբերի 26-ին, ելույթ ունենալով խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի առջև՝ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բավականին անկեղծորեն հայտարարել է՝ ինքնասպանությունների դեպքերի վերջին հետաքննությունները բացահայտել են հստակ օրինաչափություն. մահացած երիտասարդ զորակոչիկներից և սպաներից շատերը կախվածություն ունեին առցանց խաղամոլությունից, կորցնում էին գումար՝ ընկնելով պարտքերի մեջ:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ առցանց խաղամոլությունը բանակում ինքնավնասմանը և ինքնասպանությունների աճին նպաստող ամենաուժեղ գործոններից մեկն է: Յուրաքանչյուր դեպք դիտարկվում է խիստ ընթացակարգերի համաձայն, սակայն անհանգստացնող նշանները շարունակում են ի հայտ գալ. դրանք խաղադրույքների համար միջոցների համալրումն ու դուրսբերումն են, ինչպես նաև թվային հետքերը, որոնք վկայում են երիտասարդների շրջանում աննկատ տարածվող աճող կախվածության մասին. շարունակել է Գյուլերը: Այն, ինչ ժամանակին թվում էր անհատական խնդիր, այժմ կարծես համակարգային խնդիր է:

Կարդացեք նաև

Թուրքիայի զինված ուժերում ինքնասպանությունների և կասկածելի մահերի դեպքերը նոր չեն։ Տարիներ շարունակ հաղորդումներ են ստացվել, որ մահվան ելքով որոշ դժբախտ պատահարներ գրանցվել են որպես ինքնասպանություններ, և հրամանատարների կողմից ենթադրյալ չարաշահումների դեպքերը նույնպես դասակարգվել են այս եղանակով: Զինվորականները վաղուց չեն հրապարակում ինքնասպանությունների մասին տվյալներ, ինչը դժվարացնում է դրանց անկախ գնահատումը:

Վերոնշյալ լսումներին ներկայացված տվյալների համաձայն՝ 934 զինծառայող ինքնասպան է եղել, իսկ 818-ը սպանվել են անդրսահմանային գործողությունների կամ ահաբեկչական հարձակումների ժամանակ:

Գյուլերի ելույթից հետևում է, որ բանակում հաճախակիացել են օրինական և անօրինական խաղադրույքների և մոլախաղերի հետ կապված ինքնասպանությունների դեպքերը, և խնդիրն այլևս չի թաքցվում հանրությունից։ Անհասկանալի է` յուրաքանչյուր առանձին դեպքում խաղամոլությունը հիմնական պատճա՞ռն է, թե՞ այն օգտագործվում է՝ որպես ավելի բարդ հանգամանքների պաշտոնական բացատրություն։ Դա դժվար է ստուգել ՝ զինծառայողների մահվան հետ կապված թափանցիկության բացակայության պատճառով։

Այլ ուժային կառույցներում նմանատիպ միտումները վկայում են նման կապի օգտին։  Ոստիկանության ինքնասպանությունների թիվը նույնպես աճել է, և սպաների թողած մի քանի գրառումներում նշվում են խաղային պարտքերը և ֆինանսական դժվարությունները: 2024 թվականին 74 ոստիկան ինքնասպան է եղել, և դա կապված է եղել տնտեսական դժվարությունների և դեպրեսիայի հետ։ 2025 թվականի առաջին ութ ամիսներին այս ցուցանիշը կազմել է 66 մարդ, ինչը վկայում է որոշակի միտման մասին, որը կարող է հատուկ լինել նաև բանակին:

Անօրինական առցանց խաղադրույքները վերածվել են ստվերային տնտեսության: Իրավապահ մարմինների զեկույցների համաձայն՝ անօրինական խաղադրույքների հարթակները դարձել են փողերի լվացման նախընտրելի ուղի: Գործարքներն իրականացվում են կեղծ ընկերությունների, միջնորդների և վարկաբեկված ֆինանսական ծառայությունների միջոցով, որոնց ծավալները հաճախ գերազանցում են բազմաթիվ օրինական գործարքների ծավալներ:

Խնդիրն էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ իշխանություններն առգրավեցին IQ Money վճարային ընկերությունը՝ ուշադրություն դարձնելով միլիարդավոր թուրքական լիրաների մշակմանը, որոնք կապված էին շահումով խաղերի կայքերի հետ կասկածելի փոխանցումների միջոցով, չնայած մեկ տարի առաջ դրա լիցենզիան հայտարարվել էր չեղյալ։ Այնուհետև այդ ընկերությունն անցավ այլընտրանքային ուղիների՝ շարունակելով աշխատել անօրինական ցանցերի հետ:

Այնուամենայնիվ, չնայած ռեպրեսիվ միջոցներին, այդ ֆինանսական ընկերություններից շատերը շարունակել են գործարքները: Վերջին երկու տարվա ընթացքում ոստիկանության գործողությունների արդյունքում ամբողջ երկրում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել:

Ցանցերը լավ կազմակերպված են՝ մեծապես ապավինելով այն երիտասարդներին, որոնց բանկային հաշիվներն օգտագործվում են միջոցներ փոխանցելու համար: Ուսանողներին, ցածր վարձատրվող աշխատողներին կամ գործազուրկներին հավաքագրում են՝ խոստանալով հեշտ եկամուտ, և հաճախ նրանք չեն հասկանում, թե ինչ մասշտաբներով է իրականացվում իրենց անունից գործունեությունը:

Մինչդեռ, եթե հավատանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ճգնաժամն ավելի խորն է, քան ցույց են տալիս առկա վիճակագրական տվյալները։  Երիտասարդների աջակցության ասոցիացիայի ղեկավար Յունուս Չեթինքոլի խոսքով՝ 10 դեռահասներից 8-ը, որոնց հետ նա շփվում է, կամ առցանց մոլախաղեր են խաղում, կամ ունեն մերձավոր ազգական, որը զբաղվում է դրանով: Նա մատնանշում է լրատվամիջոցների կողմից գովազդվող անձանց՝ ցուցադրելով շքեղ ապրելակերպ, խոստանալով խաղադրույքներից վաստակած հեշտ գումար, ներգրավելով անվճար երևույթների ձգտող դեռահասներին։

Սոցիալ-տնտեսական անկման խորապատկերին ակնհայտորեն ակտիվացել են հանցավոր խմբավորումները։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար նախկինում դատապարտված շատ անձինք համաճարակի ընթացքում և դրանից հետո անցել են մոլախաղերի՝ օգտվելով անանունությունից, տարածքային վեճերի բացակայությունից՝ այս տեսակի հանցավոր «բիզնեսի» ավելի մեծ շահութաբերությունից։

Ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում՝ «սուլթանի» նախկին մերձավորները, պնդում են՝ Էրդողանի կառավարությունը նպաստել է նման միջավայրի ստեղծմանը։ Նրանցից մեկը՝ ընդդիմադիր ժողովրդավարության և առաջընթացի կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, ասում է, որ իր կուսակցությանն ուղարկված հետաքննության նյութերից մեկը մանրամասնում է մեկ ապօրինի խաղային կայք՝ ավելի քան 270 միլիարդ թուրքական լիրայով գործարքների ծավալով և ավելի քան 1600 կասկածյալներով:

Բաբաջանը մեղադրում է Էրդողանին պետության կողմից հովանավորվող առցանց խաղատների հարթակների գործունեությունը թույլատրելու մեջ, մինչդեռ կառավարությունը ֆորմալ կերպով դատապարտում է անօրինական խաղադրույքները։ Բազմաթիվ քաղաքացիներ կասկածում են, որ ոստիկանությունը, մանր խաղացողներին հետապնդելով, աչք է փակում խոշոր խաղացողների վրա:

Զինծառայողների շրջանում առցանց խաղերի տարածումն ավելի ու ավելի է դիտվում որպես ազգային անվտանգության սպառնալիք: Ֆինանսական ճնշման և խաղային կախվածության զուգակցումը կարող է զինծառայողներին խոցելի դարձնել շանտաժի կամ լրտեսության համար:

Այս խնդիրը լուծելու փորձերը բարդանում են քաղաքական կապերով։ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) գործընկեր Դևլեթ Բահչելիի կառավարությունը կապված է կազմակերպված հանցավորության հետ, ինչը դժվարացնում է վճռական միջոցների ձեռնարկմանը, նշում են իշխող «Ժողովրդական դաշինքի» ընդդիմախոսները:

Մինչ իշխանությունները զեկուցում են ապօրինի խաղադրույքների դեմ անխոնջ պայքարի մասին, հիմնավոր կասկածներ կան, որ իշխանությունների միջոցառումները հիմնականում խորհրդանշական բնույթ են կրում և չեն վերացնում բացասական միտումների արմատական պատճառները:

Ավելին, այն փաստը, որ միջնորդ ֆինանսական ընկերություններն օգտագործվում են ֆինանսական միջոցների լվացման համար՝ Կենտրոնական բանկի լիակատար համաձայնությամբ, վկայում է իշխող կուսակցության մեջ «տանիքի» առկայության մասին։

Հասարակության աճող մտահոգությունը ստիպել է կառավարությանը քայլեր ձեռնարկել: Նոյեմբերին ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհուրդը (MASAK)՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության խմբերի հետ համատեղ, պատրաստել է «վիրտուալ միջավայրում անօրինական խաղադրույքների և մոլախաղերի դեմ պայքարի գործողությունների ծրագիր», որի նպատակն է բացահայտել և կանխել անօրինական մոլախաղերը առցանց հարթակներում, ֆինանսական ցանցերում, գովազդային ալիքներում և միջազգային գործառնություններում: 2024 թվականի հունվարի 12-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իշխանությունները զեկուցել են ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի 1120 համազգային գործողությունների մասին, որոնց ընթացքում առգրավվել է մոտ 16 միլիարդ թուրքական լիրա՝ կանխիկ և ակտիվների տեսքով։

2024 թվականին իշխանություններն արգելափակել են 233.000 անօրինական խաղադրույքների կայքեր, ինչը զգալիորեն ավելի է, քան մեկ տարի առաջվա 168.000-ը: Այս կայքերը հայտնաբերվել են 95 երկրներում, ընդ որում դրանց 56%-ը գրանցված է ԱՄՆ-ում, 17%-ը՝ Հայաստանում, և 6%-ը՝ Նիդեռլանդներում: Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան հետաքննությունների ընթացքում իշխանությունները հայտնաբերել են կազմակերպված 109 հանցավոր խմբավորում:

2024 թվականին ոստիկանության կողմից իրականացվել է 499 գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է 3397 մարդ, կատարվել է 1088 ձերբակալություն։ 2025 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում իրականացվել է 621 գործողություն, որոնց ընթացքում ձերբակալվել է 3394 մարդ, կատարվել է 1313 ձերբակալություն։ 2024 թվականին մոլախաղերի օրինական շուկան բերել է 5909 միլիարդ թուրքական լիրա, չնայած, ըստ փորձագետների, ապօրինի շուկան կարող է մոտավորապես կրկնակի մեծ լինել:

Հետաքրքիր է այս ցանկում Հայաստանի հիշատակումը, որտեղ բուքմեյքերական խաղադրույքները ևս բավականին լայն տարածում են ստացել: Կասկած է առաջանում, որ քրեական սինդիկատների համագործակցությունը կարող է էական գործոն լինել հայ-թուրքական մերձեցման գործընթացում։

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս