ՀՀ ԶՈւ դիրքերին առնչվող ի՞նչ տեղեկություն է ՀՀ-ում դիտորդական առաքելությունը փոխանցում Բաքվին
Հունվարի 23-ին մենք «Ո՞ր երկիրն են ակնարկում ԵՄ դիտորդները, աշակերտների հետ հանդիպելիս ինչո՞ւ են ագիտացիա անում, որ իրենք լրտես չեն» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որի համար հիմք են Հանրային հեռուաստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հնչեցրած կոնկրետ մանրամասներ:
Բայց այդ հարցազրույցում մեզ հետաքրքրող հայտարարություններն այդքանով չեն սահմանափակվել:
Մասնավորապես, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ հեռադիտակներից զատ՝ տեսախցիկներ ունեն, լուսանկարներ են անում սահմանից, ավելին, արխիվացնում են իրենց տվյալները և հետո Բրյուսելին զեկույցներ ներկայացնում:
Այնուհետև որպես իրենց դիտորդական առաքելության անաչառությունն ապացուցող դրվագ՝ նա նշել է.
«Մենք հեռադիտակներով միայն Ադրբեջանին չենք նայում, նայում ենք նաև Հայաստանին և փորձում հաղորդել այն, ինչ տեսնում ենք Հայաստանում։ Եթե, օրինակ, տեսնում ենք, որ դիրքերն ուժեղացվում են, ամրապնդվում, նոր ուժեր են հայտնվում սահմանին, դա նույնպես զեկուցվում է»:

Արդյո՞ք սա զուտ անմեղ անաչառություն է, ինչպես փորձում է ներկայացնել Մարկուս Ռիտերը, երբ տարբեր առիթներով տեղեկություններ և խոստովանություններ են եղել, որ ՀՀ-ում հավաքվող տեղեկությունը փոխանցվում է ոչ միայն Բրյուսելին, այլ նաև՝ Բաքվին: Եվ վերջինի դեպքում դա չի վերաբերում միայն ԵՄ դիտորդական առաքելության կողմից իրենց ծրագրերի մասին առնվազն մեկ շաբաթ առաջ Բաքվին տեղեկացմանը, ինչն արվել է այս ընթացքում՝ ե՞րբ և որտե՞ղ են մոնիթորինգ անելու:
Հավելենք, որ 2023 թվականին Politico-ն գրել էր, որ իր հետ զրույցում ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է հետևյալը.
«Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք պարեկության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ չենք ուզում որևէ խնդիր ունենալ»:
Այսինքն, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փորձել է փոխզիջման եզրեր գտնել Բաքվի հետ, որպեսզի կարողանան որոշակի ժամանակ մնալ Հայաստանո՞ւմ, թե՞, որ համոզեն՝ լրտես չեն, կամ ՀՀ սահմանային հատվածից իրենց հեռադիտակներն ու տեսախցիկներն ուղղելով դեպի ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ նրանց չեն վնասում: Բայց արդյո՞ք անգամ այս դեպքում համոզել են Բաքվին կամ Ալիևին, որ իրենց արածը զուտ հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստելը չէ: Ոչ, քանի որ դրանից հետո Ադրբեջանը շարունակել է ԵՄ դիտորդներին համարել «հեռադիտակներով լրտեսներ», կամ նրանց գործունեությունը՝ «Եվրամիության հետախուզական առաքելություն»:
Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի հատվածում տեղի ունեցողին ԵՄ դիտորդները ծանոթանում են ՀՀ սահմանային հատվածից, ինչպես նշեցինք, և շատ բան կարող են չտեսնել, եթե անգամ Բաքվին առնչվող արձանագրումներն էլ փոխանցվում են Հայաստանին: Ընդ որում, նույնիսկ այս դեպքում Ադրբեջանը դժգոհություն է պարբերաբար հայտնել, թե մոտ են կանգնում իրենց սահմանին: Իսկ Հայաստանում նրանք ամենայն մանրամասնությամբ են տեսնում, թե ինչ է կատարվում, ինչպես են ամրացվում դիրքերը, ինչ չափի ուժեր են ավելացվում, և այլն:
Արդյո՞ք վերահսկվում է՝ ինչ տեղեկություն է փոխանցվում Բաքվին:
Ի վերջո, չմոռանանք, որ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք գոյություն ունի, համաձայն որի, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման» վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք:
Մենք հիմա կոնկրետ մեղադրանք չենք հասցեագրում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը, այլ ընդամենը տեղին հարցադրումներ ենք անում:
Ի դեպ, ժամանակին, երբ սահմանային մոնիտորինգներն իրականացնում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակը կամ նրա դաշտային օգնականները, ապա նրանց ներկայությունն ապահովվում էր երկու կողմերում՝ միաժամանակ և տարբեր խմբերով:


Այլ հարց է, որ ժամանակ առ ժամանակ իրականացվող այդ մոնիտորինգները մի քանի րոպեանոց էին, իսկ Ադրբեջանն իր կողմից ներկայացվող ԵԱՀԿ դիտորդներին երբեմն առաջնագիծ չէր բերում: Այսինքն, այդ ժամանակ կարևոր արձանագրումներ, իհարկե, արվում էր, բայց միևնույն է՝ արդյունավետության խնդիր կար, քանի որ ցանկացած կողմ իր ճշմարտությունն էր առաջ տանում, հնչում էին փոխադարձ մեխադրանքներ:
Եվ հենց դրա համար էր, որ առաջ էր եկել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտություն, ինչը ենթադրում էր կրակի տեղորոշման ժամանակակից համակարգերի և ձայնային տեղորոշման սարքավորումների տեղադրում՝ շփման գծի երկայնքով կրակի աղբյուրը որոշելու համար, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար: Բայց սա տեղի չունեցավ այդպես էլ:
168.am-ը մոտ 2 տարի առաջ ծավալուն վերլուծություն էր ներկայացրել՝ հրադադարի ռեժիմի պահպանման մեթոդների և հետաքննության մեխանիզմների ռեվոլյուցիան:
Եվ քանի որ խոսք գնաց հրադադարի ռեժիմի խախտումներից, նշենք, որ Պետրոս Ղազարյանի հետ վերը հիշատակված հարցազրույցում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է.
«Օգոստոսի 8-ից հետո երկու կողմից էլ գիշերն օդ կրակոցներ եղել են, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել սահմանին, սահմանային դիրքերի միջև»:
Այն դեպքում, երբ անցած տարվա նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պնդել էր, օգոստոսի 8-ից հետո սահմանին կրակոցներ չեն հնչել:
Գուցե կլինեն մարդիկ, որ հակասություն չեն տեսնի պաշտպանության նախարարի և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի ասածների միջև, նշելով, որ երկուսն էլ ասում են, որ սահմանին կրակոցներ չեն եղել: Բայց մի դեպքում խոսվում է օդ կրակոցների մասին, այդ թվում՝ դրանք նաև հայկական կողմին են վերագրվում, թեև ՀՀ իշխանությունները բազմիցս հրահանգել են չկրակել, առավելևս, որ կրակոցները թիրախային չեն: Մյուս կողմից, հիշում ենք, որ 2023 թվականի օգոստոսին Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքել էր ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։

Իսկ Մարկուս Ռիտերի՝ ոչ նպատակային կրակոցների վերաբերյալ վերջին հայտարարությունը պաշտոնական որևէ արձագանք չի գտել:
