Ինչո՞ւ են ոսկորները հեշտ կոտրվում․ ո՞ր վիտամինների պակասն է պատճառը

Հատկապես ձմռանը վնասվածք ստանալու ռիսկը մեծանում է` պայմանավորված սառույցի առկայությամբ։ Հնարավո՞ր է խուսափել վնասվածք ստանալուց կամ այն հասցնել նվազագույնի։ Այս մասին զրուցել ենք «Արթմեդ» ԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Ռաֆայել Ավետիսյանի հետ։

Բժի՛շկ, հնարավո՞ր է խուսափել վնասվածք ստանալուց։

– Խուսափելու համար որևիցե հատուկ գործողություն պետք չէ անել, մի կողմից՝ կարելի է ասել, որ ճակատագիրն այստեղ իր դերակատարումն ունի, սակայն, իհարկե, եթե լուրջ մոտենանք, մի քիչ պետք է զգուշավոր լինենք, որովհետև այս տարին շատ ձնառատ է։ Փողոց դուրս գալու դեպքում հատկապես զգույշ պետք է լինեն տարեցները։

Կարդացեք նաև

Տարեցներին խորհուրդ են տալիս քայլել ձեռնափայտով՝ խուսափելու ընկնելուց, այդպե՞ս է։

– Ոչ, ոչ միշտ։ Եթե ցուցում չկա, իհարկե, ձեռնափայտի անհրաժեշտություն չկա, ուղղակի կապված եղանակի հետ՝ զգուշավորությունն է պարտադիր, իսկ առհասարակ, տրավմաները՝ լինի ձմեռ, ամառ, անխուսափելի են, քանի որ տարաբնույթ են՝ լինեն եղանակի հետ կապված, սպորտային, կենցաղային, թե վթարով պայմանավորված։

– Սառույցին ընկնելու դեպքում մարմնի ո՞ր հատվածներ են հատկապես ավելի շատ տուժում։

– Կան այնպիսի կոտրվածքներ, որոնք, այսպես ասած, կանխատեսելի են վնասվածքաբանի համար, երբ նույնիսկ դեռ սկզբնական մեխանիզմը չհասկանալով՝ միայն լսելով գանգատները, արդեն հասկանում է, թե որ մեխանիզմով առաջացած վնասվածք է։ Տարեցների դեպքում հաճախ ազդրն է տուժում, այսինքն՝ ազդոսկրի շրջանում առաջանում են կոտրվածքներ։

Կոտրվածքի դեպքում մարդը շատ վատ վիճակում է հայտնվում, կարող են առաջանալ շոկային երևույթներ, և այս դեպքում, իհարկե, առաջին օգնությունը հիվանդանոց հասցնելն է։ Ինքնակամ որևէ բան չպետք է կատարվի։

Սառույցին ընկնելիս հաճախ ստանում են դաստակի կոտրվածք, սա ինչո՞վ է պայմանավորված։

– Չկա այնպիսի հանգամանք, որն անպայման հանգեցնում է, օրինակ, դաստակի կոտրվածքի կամ գանգուղեղային վնասվածքի։ Ուղղակի հաճախակի տարեցների մոտ, որպես թույլ հատված՝ դա ազդրի մոտակա հատվածի կոտրվածքներն են, որովհետև այնտեղ կա տարիների ընթացքում առաջացող սնուցման խանգարման խնդիր և առանց սառույցի, տան պայմաններում էլ չնչին վնասվածքից հնարավոր է առաջանա ազդրի այնպիսի խայտառակ կոտրվածք, որի դեպքում անխուսափելի կլինի վիրահատական միջամտությունը։

Քայլելիս հնարավո՞ր է՝ մարդը կոտրվածք ստանա։

– Կոտրվածքները տարաբնույթ են, և ոչ մի կոտրվածք մյուսի նման չի լինում։ Եթե վերին վերջույթների շրջանում է կոտրվածքը, ապա քայլել հնարավոր է, իսկ ստորին վերջույթների շրջանում գրեթե 90 %-ով արդեն խանգարվում է։ Սակայն կարևոր է՝ ի՞նչ տիպի կոտրվածք է առաջացել և այդ շոկային շրջանում ի՞նչ ձևով կարձագանքի վնասվածք ստացողը։ Եղել են դեպքեր, երբ շոկային վիճակում կոտրվածքով փորձել են քայլել, բայց 1-2 քայլից հետո կրկին ընկել են։

Տարեցների դեպքում, երբ ազդրոսկրի վզիկի շրջանում խանգարվում է սնուցումը, նույնիսկ դեպքեր ենք ունեցել, որ չնչին շարժում կատարելիս ոտքի տակը կոտրվել է։

– Ի՞նչ է սալջարդը։

– Սալջարդը փափուկ հյուսվածքների վնասվածք է, որը չի հասցրել կոտրվածքի, սակայն տուժել են փափուկ հյուսվածքները։ Այստեղ մոտեցումն ու բուժման տակտիկան այլ է՝ համեմատած կոտրվածքների հետ։

– Ե՛վ կոտրվածքի, և՛ սալջարդի դեպքում ի՞նչ հետազոտություն են անցկացնում։

– Գոնե ռենտգեն հետազոտություն պետք է կատարվի, որպեսզի տարբերակեն՝ կոտրվածք կա՞, թե՞ չէ։ Երբ կոտրվածք չկա, արդեն կլինիկորեն տեսանելի է լինում սալջարդ կամ գերձգում ասվածը։ Այս դեպքում արդեն ախտորոշումը դրվում է որպես սալջարդ կամ գերձգում։ Իհարկե, լինում են այնպիսի դեպքեր, որ նույնիսկ ռենտգեն հետազոտությամբ դժվար է ախտորոշումը հստակեցնել և այս դեպքում անհրաժեշտ է լինում նաև համակարգչային շերտագրություն կամ նույնիսկ մագնիսառեզոնանսային շերտագրություն, այսինքն՝ ժողովրդին հայտնի՝ ԿՏ, ՄՌՏ։

Սալջարդի դեպքում ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն։

– Բոլոր վնասվածքների դեպքում, որպես առաջին օգնություն՝ սառն է ցուցված։ Պետք է սահմանափակել նաև ֆունկցիան, մինչև հիվանդանոցային պայմաններում կհստակեցվի ախտորոշումը։ Այսինքն՝ պետք է ֆիքսել վերջույթը, եթե այդ շրջանում է առաջացել վնասվածքը, և տեղափոխել հիվանդանոց։

Եթե մարդը չի տեղափոխվում հիվանդանոց, ի՞նչ խնդիրներ կարող են հետագայում առաջանալ։

– Եթե մարդը կամակորություն է անում, նման ծանր վնասվածքների դեպքում չի տեղափոխվում հիվանդանոց, տարաբնույթ բարդություններ կարող են լինել։ Բարդություններից է՝ հեմատոման, հնարավոր է՝ ինֆեկցիոն որևէ պրոցես առաջանա։ Սալջարդի ժամանակ առաջանում է այտուցվածություն, հեմատոմաներ, իսկ հակաբորբոքային ցավազրկող դեղորայք ընդունելու դեպքում այդ այտուցը և հեմատոմաները գրեթե չեն առաջանում։ Եղել են ուշացած դեպքեր ու ոչ վիրահատական դեպքը դարձել է վիրահատական։ Սալջարդը շատ ցավոտ պրոցես է, հնարավոր է նույնիսկ խուսափել, որևիցե բարդություն չառաջանա, սակայն ցավն ուժգին է, գոնե պետք է հակաբորբոքային ցավազրկողներ ընդունել։

Կալցիումի, մագնեզիումի կամ վիտամին D-ի պակասը հանգեցնո՞ւմ է ոսկրի շուտ կոտրվելուն։

– Միանշանակ, որովհետև կալցիումը, վիտամին D-ն, ինչպես նաև այլ հանքանյութեր, միկրոէլեմենտներ, կարևոր են ոսկրի խտության և ամրության համար, և դրանց քանակի քչացման դեպքում ոսկրերն ավելի փխրուն են դառնում և վնասվածքի դեպքում ավելի հեշտ են կոտրվում։

Սա հիմնականում տարեցների մո՞տ է հանդիպում։

– Կարող է լինել բոլորի մոտ, եթե կա այդպիսի խնդիրը, ոչ մեկը դրանից չի կարող խուսափել և, այսպես թե այնպես, տարեցների մոտ վիտամին D-ն բնականոն ընթացքով քչանում է։

Ո՞ր հիվանդություններն են նպաստում ոսկրի շուտ կոտրվելուն։

– Շատ հիվանդություններ կան։ Առաջին տեղում օնկոլոգիական հիվանդություններն են, որոնց դեպքում նույնիսկ կանգնած վիճակում կարող են առաջանալ ախտաբանական կոտրվածքներ։

Օրինակ, ռևմատոիդ արթրիտի դեպքում կարող են առաջանալ ոսկրային այնպիսի խնդիրներ, որոնք չնչին վնասվածք ստանալուց կհանգեցնեն կոտրվածքի։

– Կոտրվածքի բուժման եղանակները որո՞նք են։

– Կոտրվածքները բուժվում են երկու եղանակով՝ կոնսերվատիվ և վիրաբուժական։

Կոնսերվատիվ եղանակն այն է, երբ դեղորայքների, ֆիքսատորների միջոցով է իրականացվում բուժումը, իսկ վիրահատական եղանակի դեպքում կիրառվում են տարբեր մոտեցումներ։ Կախված կոտրվածքի ձևից, հատվածից, վիրահատական մոտեցումները տարբեր են լինում։

Հաճախակի առաջացող կոտրվածքները, որոնք պահանջում են վիրահատական միջամտություններ՝ տարեցների մոտ առաջացող ազդրոսկրերի կոտրվածքներն են։

Տեսանյութեր

Լրահոս