Մեզ տանում են հերթական սպանդի, մի՞թե Արցախը բավարար դաս չեղավ․ հիմա էլ նույնը Հայաստանի հետ են անում․ Ավետիք Չալաբյան
Ակնհայտ է, որ իշխող թրքահաճո վարչախումբն այս տարիների ընթացքում ունեցել է թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը։ Օրինակ, 44-օրյա պատերազմի արդյունքները զգալի չափով պայմանավորված են եղել հենց այս վարչախմբի քաղաքական ուղեգծով՝ ամեն գնով հանձնել Արցախը, որ հնարավորություն բացվի Հայաստանը վերակողմնորոշելու դեպի Թուրքիա։ Եթե նախկինում դա քողարկվում էր, հիմա բացահայտ է։ Թուրքիան ԱԳ նախարարի շուրթերով ցույց տվեց իր բացահայտ աջակցությունն այս վարչախմբին, թեև դա մեզ համար գաղտնիք չէր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Փաշինյանի և իր վարչախմբի տրամաբանության մեջ՝ Հայաստանի տարածքները թուրք-ադրբեջանական են, դրանք մեզ վարձով են տրված, մենք էլ եկվոր ենք և պետք է շնորհակալ լինենք, որ այսքանն էլ ունենք։ Փաշինյանի ասածը հետևյալն է՝ մեր կադաստրի թուղթ տվողն Ադրբեջանն է։ Այս վարչախումբը, նախկինում արված սխալները շահարկելով, ելել է մեր ժողովրդի շալակը։ Ցավոք, ժողովրդի մի հատվածն էլ դուրս չի գալիս պարզունակ թմբիրից։ Ժողովո՛ւրդ ջան, ախր ձեզ տանում են հերթական սպանդի, միթե՞ Արցախը բավարար դաս չեղավ։ Հիմա որևէ երաշխիք ունե՞ք, որ նույնը Հայաստանի հետ տեղի չի ունենա, եթե Փաշինյանը շարունակի կառավարել»,- ասաց քաղաքական գործիչը:
«Մենք պետք է կարողանանք այս իրականությունն արմատապես փոխել, ընդ որում՝ դա հեշտ չէ, որովհետև Փաշինյանն արդեն որոշակի իներցիա է ստեղծել, օրինակ՝ համարյա ստրկացրել է իրավապահ համակարգը։ Նա այս ընթացքում կարողացել է բավական մեծ ռեսուրս կուտակել իր ձեռքում՝ ուժային, ֆինանսական, քարոզչական և այլ, որը հասարակության մի մասին, բնականաբար, կաշկանդում է։ Բայց հասարակության առողջ մասը դիմադրում է»,- նշեց Ավետիք Չալաբյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանին իշխանազրկելու և Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար մի քանի քայլ է պետք անել. «Նախ՝ պետք է ձևավորել ուժային բևեռ։ Չեն կարող առանձին վերցրած տարբեր փոքր քաղաքական ուժեր պայքարել Փաշինյանի ստեղծած հրեշավոր մեքենայի դեմ։ Եթե ազգային ուժերն իրենց գործողությունները, ծրագրերը, ռեսուրսները և առաջնորդական ներուժը համակարգեն, կարող են առաջնորդել հասարակության մեծամասնությանը։ Մեր հասարակությանը պետք է տանք կոնսոլիդացված ընտրություն, որ այն ընտրի ոչ թե 25, այլ 3-4 խոշոր ուժերի միջև»:

«Ընտրություններում պարտվելու դեպքում այս իշխանությունը հեշտ չի զիջելու։ Կարող է արտակարգ դրություն հայտարարեն, քաղաքական հակառակորդներին ընտրություններից առաջ տարբեր ձևերով հանեն, ընտրությունները կեղծեն, արդյունքները չճանաչեն, և այլն։ Շատ կարևոր է ընտրությունների ընթացքի նկատմամբ վերահսկողությունը։ Վարչախմբին չպետք է թույլ տանք, որ նրանք մարդկանց հերթական անգամ տանեն բաց քվեարկության։ ՔՊ-ն սարսափում է իշխանափոխության հեռանկարից, առավել ևս՝ եթե դա տեղի է ունենում որևէ արտաքին ուժային կենտրոնի հետ կապ չունեցող ազգային ուժերի միջոցով»,- ասաց Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
