Դատավոր Մանվել Շահվերդյանը չի ցանկանում ևս մեկ անգամ առևանգվել. անցյալից դասեր է քաղել
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը շուրջ 4 ժամ տևած դատական նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր Նիկոլ Փաշինյան և Աննա Հակոբյան զույգի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալի՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, որոշում կայացրեց բեկանել առավոտյան Վերաքննիչ դատարանի կողմից ընդունված որոշումը մեղադրյալի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ և կրկին մեկ ամսով կալանավորեց նրան:
Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավորին, նշեցին, որ վերջինս ենթարկվել է կողմնակի ազդեցության՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Իսկ ո՞վ է Մանվել Շահվերդյանը, և իր հետ կապված ի՞նչ պատմությամբ է նա հայտնի:
2021թ. հունիսի 20-ին՝ դեռևս երեկոյան 20.00-ին, պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։ Այդ ժամանակ վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հարցով հրապարակման դատական հետաձգված նիստը։
Այդ օրը՝ կեսգիշերն անց, 168.am-ին հայտնի դարձավ, որ նույն օրը՝ որոշման հրապարակման հայտարարված ժամից շուրջ կես ժամ առաջ, դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալի մոտ։ Նրանից պահանջվում էր իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան։ Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան, փաստորեն, պահել էին պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։
Ըստ երևույթին Մանվել Շահվերդյանը դասեր քաղել է ոչ վաղ անցյալից ու լավ գիտի Նիկոլ Փաշինյանի զայրույթի ուժը: Այնպես որ, նրա որոշումն այսօր իր տեսանկյունից բավականին տրամաբանված էր: Մանվել Շահվերդյանը թերևս չի ուզում մեկ անգամ էլ առևանգվել: