Ի գիտություն գևորգսարոյանների՝ «պետությունը» և «իշխանությունը» տարբեր հասկացություններ են, գոնե սովորի՛ր

Պետություն և իշխանություն հիմնարար տարբերությունները

Հունվարի 11-ին Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում է Հայոց պետականության դեմ պայքարելու մեջ։

Նախ պետք է նշել, որ լինելով բարձրաստիճան եկեղեցական, Գևորգ Սարոյանը չի տիրապետում հանրագիտարանային պարզագույն գիտելիքի առ այն, որ «պետություն» և «իշխանություն» հասկացությունները տարբեր են։

Քաղաքագիտության և պետության ու իրավունքի տեսության մեջ «պետություն» և «իշխանություն» հասկացությունները հաճախ կիրառվում են զուգահեռ, երբեմն՝ փոխարինելի կերպով, սակայն դրանց նույնականացումը տեսականորեն սխալ է և հանգեցնում է քաղաքական գործընթացների թյուրըմբռնման։ Այս հասկացությունները թեև փոխկապակցված են, սակայն ունեն տարբեր ծագում, բովանդակություն և գործառույթներ։ Դրանց հստակ տարբերակումն անհրաժեշտ է՝ ինչպես գիտական վերլուծության, այնպես էլ՝ պատմական և ժամանակակից քաղաքական իրողությունների ճիշտ գնահատման համար։

Կարդացեք նաև

Իշխանությունը սոցիալական հարաբերություն է, որը բնութագրվում է ազդեցության, կամքի պարտադրման և հասարակական վարքագծի ուղղորդման կարողությամբ։ Այն առաջանում է հասարակության ներսում՝ անկախ պետության գոյությունից, և կարող է դրսևորվել տարբեր մակարդակներում՝ ընտանիքում, համայնքում, սոցիալական խմբերում, քաղաքական կուսակցություններում, հասարակական շարժումներում և միջազգային հարաբերություններում։ Իշխանությունը կարող է հիմնվել հեղինակության, ավանդույթի, լեգիտիմության, համոզման կամ հարկադրանքի վրա և չի պահանջում պարտադիր ինստիտուցիոնալ ձևավորում։

Պետությունը, ի տարբերություն իշխանության, պատմականորեն ձևավորված հատուկ ինստիտուտ է, որը ներկայացնում է հանրային իշխանության կազմակերպված համակարգ։ Այն ունի հստակ սահմանված տարածք, բնակչություն, ինքնիշխանություն և մասնագիտացված կառավարման ապարատ։ Պետությունը իշխանությունը դարձնում է համընդհանուր, իրավականորեն ամրագրված և պարտադիր կատարման ենթակա ամբողջ հասարակության համար։ Այս իմաստով պետությունը ոչ թե իշխանության աղբյուրն է, այլ այն ձևը, որի միջոցով իշխանությունը կազմակերպվում, օրինականացվում և կենտրոնացվում է։

Քաղաքական իշխանությունը որպես երևույթ ավելի լայն է, քան պետական իշխանությունը։ Այն կարող է գոյություն ունենալ և գործել պետությունից դուրս՝ ազդելով հասարակական կյանքի վրա, սակայն միայն պետության շրջանակներում է այն ստանում իրավական ուժ, հարկադրանքի օրինական միջոցներ և տարածական հստակ սահմաններ։ Երբ քաղաքական իշխանությունը ինստիտուցիոնալացվում է, ստանում է իրավական կարգավորում և իրականացվում է պետական մարմինների միջոցով, այն վերածվում է պետական իշխանության։

Պատմական զարգացման տեսանկյունից իշխանությունը նախորդում է պետությանը։ Նախապետական հասարակություններում գոյություն ունեին իշխանության ձևեր՝ առաջնորդներ, ավագանիներ, տոհմապետեր, որոնք կարգավորում էին հասարակական հարաբերությունները, սակայն բացակայում էր պետական ինստիտուցիոնալ համակարգը, ինքնիշխանությունը և համընդհանուր իրավական կարգավորումը։ Պետության առաջացումը կապված է իշխանության կենտրոնացման, մասնագիտացման և իրավականացման գործընթացների հետ։

Ժամանակակից քաղաքական համակարգերում այս տարբերակումը պահպանվում է նաև գործնական մակարդակում։ Քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և շարժումներն իրականացնում են քաղաքական իշխանություն՝ ազդելով որոշումների ընդունման վրա, սակայն մինչև պետական կառավարման մարմիններում ներգրավվելը նրանք չեն հանդիսանում պետական իշխանության կրողներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունը կարող է գոյություն ունենալ պետությունից դուրս, մինչդեռ պետությունը միշտ կապված է իշխանության իրավական և ինստիտուցիոնալ ձևի հետ։

Այսպիսով, իշխանությունը սոցիալական և քաղաքական հարաբերությունների համընդհանուր երևույթ է, իսկ պետությունը՝ այդ իշխանության պատմականորեն ձևավորված, իրավականորեն ամրագրված և կազմակերպված դրսևորումը։ Պետական իշխանությունը քաղաքական իշխանության մասնավոր, բայց առավել ամբողջական և պարտադիր ձևն է։ Այս տարբերակման գիտակցումը կարևոր նշանակություն ունի քաղաքական տեսության, իրավագիտության, պատմագիտության և ժամանակակից պետական կառավարման գործընթացների վերլուծության համար։

Վերոշարադրածից ելնելով, ինչպես տեսնում ենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի պայքարել պետության դեմ, այլ հակառակը, այն, ինչպես միշտ, այսօր ևս գործում և հանդես է գալիս ի շահ Հայոց պետականության։

44-օրյա պատերազմից հետո Սուրբ Էջմիածնի և իշխող քաղաքական ուժի միջև համազգային բնույթի հիմնահարցերի շուրջ առաջացել են լուրջ տարաձայնություններ, և եկեղեցին դատապարտելով իշխանությունների պարտվողական արտաքին քաղաքականությունը և ներքին՝ պառակտման քաղաքականությունը, իր վճռական խոսքն է ասում այդ առիթով, ինչի պատճառով արժանանում է իշխանությունների հալածանքին։

Ուստի, Գևորգ Սարոյանը պետք է գոնե տիրապետեր այս պարզագույն գիտելիքին, հետո նոր հանդես գար որպես «բարեկարգիչ»։ Գևորգ Սարոյան, սովորի՛ր, ամեն դեպքում, թե չէ մի օր էլ կպարզվի, որ պետություն ասելով՝ նկատի ունես հենց Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր՝ կառավարությունը ես եմ:

ՀԳ Ի հեճուկս Գևորգ Սարոյանի, պետք է ասել, որ Հայոց պատմության մեջ արձանագրված են Եկեղեցու և իշխանությունների միջև բախումների դրվագներ օրինակ՝ Ս Հուսիկ կաթողիկոս և Տիրան թագավոր, Ս Ներսես կաթողիկոս և Արշակ ու Պապ թագավորներ, Ս Սահակ կաթողիկոս և իշխաններ, Ներսես կաթողիկոս և Թեոդորոս Ռշտունի, Գրիգոր կաթողիկոս և Լևոն թագավոր, և այսպես շարունակ։ Խնդրո առարկա նյութի տեսանկյունից Խորեն կաթողիկոսին իշխանությունների կողմից խեղդամահ անելն էլ՝  որպես նորագույն պատմության վառ օրինակ։

 

Տեսանյութեր

Լրահոս