Եթե Իրանում քաոս ստեղծվի, ադրբեջանա-թուրքական ալյանսը հարձակվելու է Սյունիքի վրա. Արամ Շահնազարյան
Իրանում լարվածության բարձրակետը հունվարի 8-ին՝ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններն էին, իսկ արդեն երեկ իրավիճակն ավելի հանդարտ է եղել։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Թեհրանում տպագրվող հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը՝ խոսելով Իրանում 13 օր շարունակվող բողոքի ցույցերի, զանգվածային անկարգությունների ու բախումների մասին։
«Երեկ բողոքի ակցիաների 13-րդ օրն էր, որոնք սկսվել էին [Թեհրանի մեծ շուկայում] և 2-3 օր անց ստացան ուղղորդված քաղաքական երանգավորում, իսկ հինգշաբթի երեկոյան արդեն վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Լարվածության բարձրակետը հինգշաբթի երեկոն էր՝ հունվարի 8-ին։ Իշխանություններին հաջողվեց կարգավորել խնդիրները, վերահսկողություն սահմանել, հանդարտեցնել իրավիճակը։ Երեկ արդեն տարբերվում էր իրավիճակը նախորդ օրվա իրավիճակից։ Եղան ցույցեր, օջախային անկարգություններ։ Ցերեկը փորձ արվեց Պակիստանի սահմանին՝ հարավ-արևելյան Զահեդան քաղաքում, անկարգություններ հրահրել, որոնք կանխվեցին։ Երեկոյան Թեհրանում ևս փոքր օջախներ եղել են, որոնք նույնպես կարգավորվել են, վերահսկվել են և դուրս չեն եկել իրենց սահմաններից»,- պատմեց իրանահայ գործիչը։

Արամ Շահնազարյանը պատմում է, որ ըստ իրանական Tansim լրատվական գործակալության, որը հասանելի է դարձել միայն երեկ երեկոյան, նախորդ գիշեր շատ հանդարտ է եղել. «Քանի որ ինտերնետ կապն Իրանի տարածքում անջատված է անվտանգային հարցերից ելնելով, հասանելիությունն իրանական կայքերին հնարավոր չէր, սակայն երեկ երեկոյան արդեն Tansim լրատվական գործակալության կայքը հասանելի էր, և Tansim-ի տվյալներով՝ շատ հանդարտ գիշեր է անցել. ցույցեր չեն եղել, անկարգություն հրահրելու փորձեր չեն արվել։ Սա նշանակում է, որ իշխանությունները վերահսկում են իրավիճակը»։
Անդրադառնալով արտաքին ուժերի միջամտությանը և Իրանն ապակայունացնելու ու ներքին բախումներ հրահրելու փորձերին՝ իրանահայ գործիչը հիշատակում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի երեկվա ելույթը Ղոմ քաղաքում, որի ընթացքում գերագույն հոգևոր առաջնորդը շատ կոշտ էր արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոխորտանքներին՝ հստակ հայտարարելով, որ այս ամենը հրահրվում է Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից։
«Ինչպես ասում են՝ խրամատում թաքնված աղվեսի ականջները երևում են։ Իհարկե, հասարակության մի ստվար զանգվածի վրա նրանք կարողանում են ազդել, բայց, ի վերջո, չեն հաջողելու, քանի որ Իրանն ունի ավելի քան 2500 տարվա պետական համակարգ, ընդ որում՝ կայսերական համակարգ է եղել, և այդ կայսերական մտածողությունը շարունակվում է մինչ օրս։ Այս պետական համակարգը կուռ է, կապ չունի՝ կլինի միապետություն, կայսրություն, խալիֆայություն կամ իսլամական հանրապետություն։ Այդպիսի կուռ պետական համակարգին չի կարելի պարտադրել ֆիգուրներ»,- հավելում է Արամ Շահնազարյանը։

Թրամփի սպառնալիքների մասին. «Մենք միջազգային հարաբերությունների առումով, ցավոք սրտի, մի փուլում ենք, երբ միջազգային իրավունքի, միջազգային օրենքների ու կանոնակարգի վրա հիմնված առանց այն էլ փխրուն համակարգը վերջին շունչն է քաշում, և դա շատ արագ փոխարինվում է բիրտ ուժի վրա հիմնված համակարգով, երբ կան գերտերություններ, տերություններ, ուժեղ պետություններ, որոնք, ունենալով ուժը, պարտադրում են իրենց ցանկությունները։
Այդ «ջունգլիների օրենքի» դրոշակակիրն էլ այս աշխարհում Միացյալ Նահանգներն է։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է միջամտում աշխարհի տարբեր կենտրոններում։ Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, այս մարդուց ամեն ինչ կարելի է սպասել, բայց չմոռանանք, որ փորձագետներն անընդհատ զգուշացնում են, որ Իրանը, ինչ էլ լինի, ո՛չ Վենեսուելան է, ո՛չ Իրանի համակարգն է Վենեսուելայի համակարգը, ո՛չ Իրանն է Վենեսուելան, ո՛չ էլ Սիրիան, որ ուզես միջամտել և առանց խնդիրների դուրս գալ։ Ես իր հոխորտանքներն ավելի շատ դիտում եմ՝ որպես հոգեբանական ճնշում։ Իմ կարծիքով՝ նա դեռևս նման բանի չի գնա։ Ռիսկը շատ մեծ է»։
Խոսելով այն մասին, թե ինչ վտանգներ են պարունակում Իրանում տեղի ունեցող զարգացումներն ու անկայունությունը Հայաստանի անվտանգության ու շահերի տեսանկյունից, Արամ Շահնազարյանը շեշտում է՝ ապակայունացումն ու քաղաքական քաոսը Իրանում կամ, Աստված մի՛ արասցե, քաղաքացիական պատերազմը, իշխանափոխությունն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վրա։

«Իրանը հենց հիմա էլ ստիպված է կենտրոնանալ երկու ուղղության վրա, նախ՝ ներքին խնդիրների կարգավորում, երկրորդ՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը, և պատկերացրեք՝ եթե պատերազմ լինի, եթե քաոս ստեղծվի Իրանում, չեմ կասկածում, որ ադրբեջանա-թուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի՝ Սյունիքի հարցը մեկընդմիշտ լուծելու, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այս «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կամ, ինչպես Արևմուտքը փորձում է փաթեթավորված և ավելի գեղեցիկ ներկայացնել՝ «Թրամփի ուղին», չի բավարարելու Ադրբեջանին ու Թուրքիային, սա իրենց վերջնանպատակը չէ. իրենց վերջնանպատակը Սյունիքը գրավելը և Հայաստանը 1918 թվականի Բաթումի պայմանագրի սահմաններով թողնելն է»,- նշեց իրանահայ գործիչը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



