«Ադրբեջանը քանի դեռ չի հասել իր նպատակին, հայ-թուրքական հարաբերությունները պարզապես կլինեն սիմվոլիկայի ժանրում». Մհեր Աբրահամյան

Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ հաջորդ տարի՝ 2026 թվականին, Թուրքիան խորհրդանշական քայլ կանի Հայաստանի հետ հարաբերություններում։

Թուրք դեսպանների հետ համաժողովի ընթացքում Էրդողանը մասնավորապես ասել էր.

«Ադրբեջանի հետ մեր երկխոսության մեջ նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից»։

Այս շաբաթ էլ Հայաստանից հայտարարություն արեց Փաշինյանը՝ ասելով, որ հասունացել է պահը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների համար կոնկրետ քայլեր արվեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում, սակայն, Փաշինյանը չմանրամասնեց՝ ինչ քայլերի մասին է խոսքը։

Կարդացեք նաև

Ինչի՞ մասին են  երկուստեք արված այս հայտարարությունները, ի՞նչ խորհրդանշական քայլեր կարող է անել Թուրքիան Հայաստանի նկատմամբ։

Թուրքագետ Մհեր Աբրահամյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախագահը սիրում է  նման հայտարարություններ հնչեցնել հատկապես այն երկրների վերաբերյալ, որոնց նկատմամբ արդեն որոշակի գերակայություն ունի։

«Պատահական չեմ ասում, քանի որ Հայաստանի օրվա իշխանությունը թույլ է տվել, որպեսզի Էրդողանը Հայաստանի նկատմամբ ունենա իր գերակայությունը։ Էրդողանը ներկայացնում է թուրքական այն քաղաքականությունը, որ խաղաղության լոզունգների ներքո պետք է գրավել ու ոչնչացնել այն պետություններին, որոնք իրենց համար դիտարկվում են թշնամիներ։ Հետևաբար, այսօր Հայաստանի առնչությամբ նրա հայտարարությունը հիմնականում բխում է այն «փափուկ ուժի» քաղաքականությունից, որը Թուրքիան ունի»,- 168.am հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։

Ըստ թուրքագետի, Նիկոլ Փաշինյանը կարծես թե խրախուսում է Էրդողանի այդ քաղաքականությունը և հավատալով Էրդողանի խոսքին՝ վստահ է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կարող է առաջընթաց գրանցվել։ Իսկ Էրդողանի ասած «խորհրդանշական քայլը», նրա փոխանցմամբ՝ կարող է կապված լինել մի քանի հարցերի հետ, որոնք, օրինակ, կարող են վերաբերել Ստամբուլում բնակվող հայերին։

«Սահմանի բացման առումով էլ չեմ կարծում, որ առաջընթաց կլինի, քանի որ սահմանի բացումը և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիան մշտապես կապում է Ադրբեջանի հետ, որն էլ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար նոր պայմաններ ու նախապայմաններ է առաջ քաշում։ Ուստի, քանի դեռ Ադրբեջանը չի հասել իր նպատակին, հայ-թուրքական հարաբերությունները պարզապես կլինեն սիմվոլիկայի ժանրում, սիմվոլիկ քայլերի ժանրում։

Այսօր արդեն թուրքական մամուլում շրջանառվում է Արաքսի ջրերի հետ կապված նորությունը, որ դա հանձնվել է Թուրքիայի իշխանության հսկողությանը։ Չգիտեմ՝ որքանով է իրական, քանի որ պաշտոնական որևէ հայտարարության դեռևս չեմ հանդիպել։ Բայց շատ հավանական է, որ այդ զիջումը ևս Փաշինյանի կողմից լինի, որն անվանի «խորհրդանշական»»,- շեշտեց Մհեր Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, 2022 թվականի հունվարին տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեդար Քըլըչի առաջին հանդիպումը՝ Մոսկվայում։ Մինչև այս պահը բանագնացները մի քանի հանդիպում են ունեցել, պայմանավորվել հայ-թուրքական սահմանը բացել 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն սահմանը փակ է նրանց համար։

Հիշեցնենք նաև, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականից՝ Թուրքիայի կողմից,  Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ Հայաստանն ազատագրում էր Արցախի տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։

Տեսանյութեր

Լրահոս