Բաքուն «վտանգ» է փնտրում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցության ընդլայնման մեջ, ինչո՞ւ
Բազմիցս համոզվել ենք, որ Ալիևը սիրում է սիմվոլիկա. Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բենզինը Հայաստան է առաքվում ճիշտ այն օրերին, երբ 5 տարի առաջ Ադրբեջանին էր հանձնվել Գորիս-Կապան ճանապարհահատվածը, այսինքն՝ 2020 թվականի դեկտեմբերին: Իսկ սրանից մեկ տարի հետո էլ արդեն տեղեկություն էր ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան:
Ի դեպ, դեկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևի ծննդյան օրն է, սակայն ադրբեջանական բենզինի մատակարարումը Հայաստանին նվեր չէ, կրում է զուտ կոմերցիոն բնույթ և վաճառվելու է միջազգային շուկայի գներին համապատասխան գնով։ Ադրբեջանական կողմից արդեն ակնարկել են, որ վերը նշված տրամաբանության մեջ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից հետո պատրաստ են Հայաստանին նաև գազ մատակարարել:
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական տնտեսության մեջ նշվածը զգալի դերակատարում ունի, իսկ ինչպես գրել ենք, 2026 թվականի բյուջեով ավելացվել են ռազմական ծախսերը, և պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը հաջորդ տարի կազմելու են բյուջետային բոլոր հատկացումների մոտ 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար):
Վերջերս 168.am-ը գրել էր Սլովակիայի հետ ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական մեծ պլանների մասին: Մասնավորապես, Բաքուն մտադիր է Սլովակիայից հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերել, միաժամանակ ծրագրվում է հրետանային կայանքների արտադրություն. տեխնոլոգիաները՝ սլովակական, ֆինանսական միջոցները՝ ադրբեջանական: Գուցե որոշները վերը նշվածը համարեն էմոցիոնալ, բայց չենք կարող անտեսել փաստի հոգեբանական կողմը, իսկ նեղ մասնագիտական հաշվարկները թողնում ենք մասնագետներին՝ արդյո՞ք միայն ադրբեջանական տնտեսությունն է շահելու, թե՞…
Իսկ մինչ այդ հավելենք, որ մինչև ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ադրբեջանական բենզինի Հայաստան մուտքով ավետում են խաղաղության հաստատումը, ադրբեջանական քարոզչական տեղեկատվական ռեսուրսները թիրախում են պահում ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունն այլ երկրների հետ՝ Հունաստան, Ֆրանսիա, ՆԱՏՕ:
Vesti.az-ը, մասնավորապես, կենտրոնացել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական պայմանավորվածությունների վրա:
Նշենք, որ դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որի արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, այն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Եվ այս համատեքստում ադրբեջանական քարոզչամեքենան Հայաստանին անուղղակի կամ ուղղակի կերպով մեղադրում է Հարավային Կովկասում առճակատման ռեժիմը պահպանելու մեջ, հիշեցնելով Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական և ռազմական հարաբերությունները:
Օրերս անդրադարձել ենք, որ 2025 թվականի հուլիսին Բաքուն և Անկարան ստորագրել էին «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման» փոխըմբռնման հուշագիր, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը: Այսինքն, Հայաստանի հետ խաղաղության բանակցություններ վարող Ադրբեջանը և Թուրքիան իրենց ռազմական և ռազմավարական հարաբերություններին դե յուրե լեգիտիմություն են հաղորդում, բայց դժգոհում են, օրինակ, Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ հարաբերություններից:
«Հայաստանի համար անվտանգային հարցերի համատեքստում գործընկեր է դառնում Ֆրանսիան, Ադրբեջանի համար Թուրքիան է: Եվ ուշագրավն այն է, որ այս երկու պետությունները ՆԱՏՕ-ի անդամ են, թեպետ Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ մնալ: Հավելյալ բարդություն իրավիճակին հաղորդում է այն, որ չնայած ՆԱՏՕ-ի շրջանակում Ֆրանսիան և Թուրքիան դաշնակից են, բայց Հարավային Կովկասում լուրջ մրցակից են, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:
Այս իմաստով, ի հայտ եկող կոնֆիգուրացիան ավելի ու ավելի է արտացոլում Փարիզի և Անկարայի միջև աշխարհաքաղաքական լայն մրցակցության տարրերը»,- նշում է ադրբեջանական vesti.az-ը՝ նկատելով, որ այդօրինակ մրցակցությունը օգուտ չի բերում տարածաշրջանին, և ոչ էլ՝ Հայաստանին:
Այսինքն, Ադրբեջանը կարող է ռազմավարական և ռազմատեխնիկական հարաբերություններ ունենալ, մտածել դրանց ընդլայնելու մասին, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանը (բավարար է հաշվի առնել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշնակցությունը), իսկ Հայաստանը չի կարող ոչ մի պաշտպանական համագործակցություն ձևավորել, որովհետև այն կարող է անհարմարություն ստեղծե՞լ:
Հայաստանի ինքնիշխանության մասին հաճախ խոսող իշխանափոխականները, իհարկե, սա չեն տեսնի:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Ադրբեջանը հատուկ անդրադարձ չի արել Հայաստանի՝ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու փորձերին: Որովհետև այդ երկրները թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանցից յուրաքանչյուրին շատ ավելի լուրջ գործընկե՞ր են համարում:
