«Երբ որոշում կայացնենք, այդ մասին կհայտարարենք». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ հայտարարություն աներ, թե՝ ոչ, ակնհայտ տեսանելի է եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունն այսօրվա կառավարիչներին։

«Չեմ կարծում, որ մի երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես ՀՀ միջին քաղաքացուց ավելի շատ եմ տիրապետում տեղեկատվության, ես չգիտեմ, թե Մոլդովայում այդպես ի՞նչ է եղել, որ հիմա ասեմ՝ Մոլդովայի սցենարն այստեղ կրկնվելո՞ւ է, թե՞ ոչ։ Այո, նման բաներ շատ հնարավոր են»,- դատական նիստից հետո դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանում էլ Մոլդովայի սցենարը կրկնվի։

Լրագրողի հարցին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե 2026 թվականին Հայաստանի նկատմամբ խորհրդանշական քայլեր են լինելու, ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը հարցով պատասխանեց՝ արդյո՞ք կարծում են, որ ինքն այնքան տեղեկատվության է տիրապետում, որ կարող է ասել։

«Եթե խորհրդանշական բառը կա, ապա ձեզ համար դա կարևո՞ր է, ինձ համար կարևոր չէ»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ են, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Երբ որոշում կայացնենք, այդ մասին կհայտարարենք»։

Հիշեցնենք, որ Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել՝ արտաքին միջամտության դեմ պայքարի համար:

Ըստ Կալասի, հարցը քննարկել են ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս կայացած հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս