Ադրբեջանը վերածվել է ՆԱՏՕ-ի էքսպանսիայի լոկոմոտիվի
Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի առաջխաղացման գործիք ոչ միայն Անդրկովկասում, այլև Միջին Ասիայում: Բաքուն գործում է ոչ միայն Անկարայի շահերից ելնելով, այլ ապահովում է Արևմուտքի հաջող էքսպանսիան տարածաշրջանում։
Ասվածի վկայությունն է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև զորավարժությունների վերաբերյալ փոխըմբռնման պայմանագրի կնքումը։Այն տեղի է ունեցել «Գործընկեր երկրների կարողությունների ադապտացման նախաձեռնության» 2-րդ համակարգող հանդիպման շրջանակներում: Պաշտոնական քարոզչությամբ այս ամենը մատուցվում է՝ որպես Անդրկովկասում «խաղաղության» հաստատման գործում աննախադեպ ձեռքբերում:

«Նախատեսված զորավարժություններն էլ ավելի կխորացնեն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը, կբարձրացնեն ադրբեջանական բանակի օպերատիվ պատրաստվածության մակարդակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, կամրապնդեն հավաքական անվտանգությունը և զգալի ներդրում կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»:

Ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերի անցումն Ալյանսի չափորոշիչներին հայտարարվել էր դեռևս նոյեմբերի 6-ին Ալիևի կողմից ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, և փաստացի շարունակվում են օպերատիվ պլանավորմամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները, ինչպես նաև թրեյնինգները։
Բանն այն է, որ այժմ խոսքն Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի զինծառայողների՝ հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումների հետ արդեն համատեղ դաշտային վարժանքների անցկացման մասին է։
Իհարկե, ավելի վաղ նման զորավարժություններ արդեն անցկացվել էին Թուրքիայի ԶՈՒ-ի հետ, իսկ հուլիսին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները Ստամբուլում ստորագրեցին ռազմական անվտանգության ամրապնդմանն ուղղված հուշագիր, ինչպես նաև baykar ընկերության հետ կնքված լոգիստիկ աջակցության և մատակարարումների մասին պայմանագիր, բայց դրանք վերաբերում էին միայն Անկարային:Եվ այս ամենը հարմարեցվում էր Շուշիի հռչակագրի կատարմանը՝ իբր պաշտպանական նպատակներով։
Բայց հիմա այդ «համագործակցությունը», ավելի ճիշտ՝ ՆԱՏՕ-ի ենթակայությունը, ընդլայնվում է և արդեն այլ նշանակություն ստանում, քանի որ հանրապետության տարածքում զորավարժություններին մասնակցելու են զինվորականներ մասնակից այլ երկրներից, մասնավորապես՝ ԵՄ-ից, իսկ դրանց կառավարումն ու համակարգումն իրականացնելու է արդեն ոչ թե Անկարան, այլ Ալյանսի շտաբային սպաները։ Ըստ այդմ, Ադրբեջանն էլ վերածվում է հարևան երկրների վրա ազդեցություն տարածելու յուրօրինակ պլացդարմի։
Հենց այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիան հանեց զենքի մատակարարման էմբարգոն՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ, իսկ Ֆրանսիան գնաց Ալիևի հետ հարաբերությունների կտրուկ բարելավման։ Այդ ծրագրի շրջանակներում պատրաստվում են անգամ Ղարաբաղում բացել հայ-ադրբեջանական համատեղ ուսումնական կենտրոն՝ Երևանի և Բաքվի միջև փոխհամագործակցություն հաստատելու համար, քանի որ այժմ նրանց միասին կպատրաստեն Ռուսաստանի և Իրանի դեմ համատեղ գործողություններ իրականացնելու համար։
Այս առումով փոխվում է նաև Բաքվի մոտակայքում գտնվող ապագա ամենամեծ թուրքական ռազմակայանի առանձնահատկությունը, որն արդեն կդառնա ողջ ՆԱՏՕ-ի հենման կենտրոնը և ցատկահարթակ դեպի Միջին Ասիա առաջխաղացման համար։ Քանի որ այն տեղակայված կլինի ափամերձ գոտու մոտ, փաստացի կխախտվի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որն արգելում է այլ պետությունների ռազմական կոնտինգենտների ներկայությունը։
Այն, որ դրանով վտանգվում է Հյուսիս-Հարավի ողջ ռազմավարական երթուղին, գրել ենք բազմիցս։ Բայց Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ, «թյուրքական աշխարհում» Հայաստանի ընդգրկմամբ, գաղութացման միջանցք դարձած Տրանսկասպյան երթուղու զարգացման հետ կապված ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար ի հայտ է գալիս ևս մեկ աշխարհառազմավարական կամուրջ Կասպից ծովով դեպի Ղազախստան և Միջին Ասիա։
Եվ այստեղ Ադրբեջանը կրկին կատարում է արևմտյան էքսպանսիայի լոկոմոտիվի և դեպի արևելք ՆԱՏՕ-ի՝ արդեն դեպի Չինաստանի սահմաններ առաջխաղացման դերը։ Լինելով «թյուրքական պետությունների կազմակերպություն» ստեղծված ռազմաքաղաքական դաշինքի ակտիվ և առաջատար անդամներից մեկը՝ Բաքուն Միջին Ասիայում միաժամանակ կատարում է թուրք պատվիրակի, իսրայելական գործակալի, իսկ այժմ՝ Ալյանսի, ինչպես նաև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի շահերի անմիջական ուղեկցի գործառույթ:
Եվ բոլորովին պատահական չէ, որ Բաքուն վերջերս միացավ Կենտրոնական Ասիայի պետությունների խորհրդատվական հանդիպումների ձևաչափին՝ որպես լիիրավ մասնակից, քանի որ հենց նա է հանդիսանում «թյուրքական ինտեգրման» և արևմտյան գաղութացման այս բոլոր գործարկված նախաձեռնությունների յուրօրինակ տեսուչը։
ԱՅՆՈՒՐ ԿՈՒՐՄԱՆՈՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
