Մասնագիտությունը՝ հանիբալ․ Փաշինյանն ինքն իրեն շնորհել է կարմիր դիպլոմ
«Ասում են՝ Ղարաբաղը տվեց, ասում են՝ բա զոհեր եղավ, բա ինչի՞ համար, ինչի՞ համար են եղել, դա ինչի՞ արտահայտությունն ա, որ մենք էդ գաղափարին էնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի․․․ Բայց էդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որը չէինք հասկանում, ընդ որում, ստեղ սոցիալ-հոգեբանության խնդիր ա, և էդ իմացածն ա, որ մենք էսօր արտահայտում ենք «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ։ Էդ ամեն ինչը մեր ձեռք բերած գիտելիքն ա, որը մենք ձևակերպել ենք․․․»,- Գերմանիա կատարած այցի ընթացքում իր հետ տարած լրագրողների փոքր խմբին տված ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ դժոխային միտքն արտահայտելուց հետո շարունակելով ծեծված ձայնասկավառակը «բացառիկ շանսի, Հայաստանի ճակատագիրը փոխելու» մասին։
Իսկ միտքը սատանայական է, որովհետև արտահայտում է մարդու հոգեբանությունը, հակասոցիալական հոգեբանությունը, որը հակամարդկային լինելով՝ արյունարբու հոգեբանություն է։ Համալսարանն այդպես էլ չավարտած Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու՝ ուղիղ հայտարարում է, որ 44-օրյա պատերազմում ավելի քան 5000 զոհերի գնով ինքը գիտելիք է ստացել, բացել է աչքերը, ինչ-որ բաներ է հասկացել։ Թե ինչ է անում այդ գիտելիքի ու հասկացածի հետ, որտեղ և ինչպես է ձևակերպում, որևէ նշանակություն չունի։
Բազմաթիվ բարդույթների թվում նաև կրթության կոմպլեքս ունեցող մարդը հայտարարում է, որ վերջապես կրթվել է, գիտելիք է ձեռք բերել։ Բայց ի տարբերություն մարդկության մեծագույն մասի, որը կրթության համար վճարում է գումար, ծախսում է ժամանակ, էներգիա, ներդրում է կատարում սեփական միջոցներից, Փաշինյանը կրթության համար վճարել է․․․ 5000 հայ մարդկանց կյանքով։ Սա երևի մարդկության պատմության ամենաթանկ կրթությունն է, որը, սակայն, վկայում է ստացողի ոչ թե գիտելիքի, այլ մարդատյացության, հանիբալիզմի մասին։
Կրթությունն ընտանեկան էժանագին ժամանցի ու ինքնահաստատման միջոց դարձրած այս ընտանիքի անդամներից մեկը կրթության իմաստը խեղում է «Կրթվելը նորաձև է» հակակրթական կարգախոսով, անդամներից մյուսը՝ դեռևս առանց գովազդային վահանակներին դաջելու, առաջնորդվում է «Կրթվելը մահացու է» սկզբունքով։
Այս սատանայությունն իրականություն է դարձել, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ հասարակությունն ընդհանուր առմամբ թույլ է տվել ու հանդուրժում է առանձին վերցրած անհատների անձնական բարդույթների հաղթահարումը սեփական երեխաների կյանքի ու սեփական երկրի հաշվին։
Այդ նույն հասարակության առանձին վերցրած, բայց շատ ավելի մեծ թվով անդամներ, այդ թվում՝ ուսյալ անդամներ, ծառայում են վերոնշյալների տգիտության հաղթահարմանը՝ հաշտ լինելով իրողության հետ, որ դրա դիմաց վճարվել են հազարավոր կյանքեր ու հազարամյա հայկական կենսատարածք։
Համալսարանն այդպես էլ չավարտած Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն շնորհել է դիպլոմներից հատկապես այն մեկը, որը ներկվում է արյան գույնով։
Հարություն Ավետիսյան
