«200.000 դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես չունենամ՝ ծանր աշխատանք եմ կատարում». Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լրագրողներից մեկի այն հարցին, թե, օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ եկել են իշխանության ու միանգամից մի քանի հսկայական գույք են ձեռք բերել։
«Եթե խոսեցինք այս թեմայով, ասեմ՝ երբ դու ունես կայուն աշխատավարձ և քեզ վրա տարածվում են անհամատեղելիության պահանջներ, մասնավորապես՝ չես կարող զբաղվել ձեռնակատիրական գործունեությամբ և այլն, քո ստացած եկամուտը փորձում ես ինչ-որ կերպ ներդնել, գոնե ապագայի համար մի կամ երկու տուն ձեռք բերել։ Այստեղ իշխանությունը կապ չունի, խոսքը մարդու ընտրության մասին է։
Անաչառ դիտորդը պետք է ունենա կամք ու ցանկություն առերեսվելու իրականության հետ, իսկ իրականությունը շատ պարզ է, եթե մենք չենք խուսափում դրանից, դա մեր աչքի առաջ է։ Սիրելի քաղաքացիներ, բոլոր պաշտոնատար անձինք ներկայացնում են տարեկան հայտարարագրեր, որոնք հասանելի են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում»,- նշեց Սրբուհի Գալյանը։
Շարունակելով, Արդադատության նախարարը դիմելով լրագրողներին, իրեն բորոշ խոսելաոճով ասաց՝ ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ եկել եք պաշտոնի, որ տուն առնե՞ք։
«Կներեք, մարդն աշխատում է, ընդ որում՝ կատարում է շատ ծանր աշխատանք, այդ թվում՝ ես։ Իմ մասին եմ ես խոսում։ Այո, 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան որ կարող են ունենալ և բոլորը»,- հավելեց նախարարը։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե «օրվա իշխանությունները սոված եկան իշխանության, հիմա տներ են գնում», Սրբուհի Գալյանը լրագրողներին խորհուրդ տվեց զգույշ խոսել:
«Նախ ես իմ մասին եմ խոսում՝ սոված երբեք չեմ եղել, չեմ ու չեմ էլ լինելու, ու լավ եմ սովորել, լավ աշխատանք ունեմ և վաղն էլ լավ աշխատանք եմ ունենալու»,- հայտարարեց Ս. Գալյանը։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախկին իշխանությունների դեպքում տներ ունենալը համարում են կոռուպցիա, իսկ իրենց դեպքում՝ ոչ, Սրբուհի Գալյանը պատասխանեց, թե լրագրողներն իրեն չեն ցանկանում լսել, շեշտելով՝ լրագրողները չեն համադրում համադրելի երևույթները, առհասարակ, ըստ նրա՝ դրանք համեմատության եզրեր չունեցող երևույթներ են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
