
«Մարդն իր տան, հողի մեջ գերի է դարձել. «դրսինին եկել, ներսինին հանել է դուրս»՝ Կառավարությունը ապրուստը խլում՝ տալիս է բիզնես. Ես դեմ եմ՝ «վսյո՛»». Վարդենուտի բնակիչ

Գրեթե 2 տարի է՝ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչների մի մասը պայքարում է իր սեփական հողը մշակելու համար, քանի որ այդ հողերը պետությունը գերակա շահ է ճանաչել։
Խոսքը վերաբերում է գյուղից 110 հեկտար հողատարածքին, որը վաճառում են «ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն ստեղծելու և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։
Վարդենուտի բնակիչ Աշոտ Զաքարյանի խոսքով՝ իրենց այդքան բողոքները որևէ արդյունք չի տվել, ամեն դեպքում անձամբ իր հողատարածքի հետ կապված որևէ դրական տեղաշարժ չկա։
«Հիմա մեր գյուղից որոշ մարդկանց գործերը դատարանում է։ Գիտեք, հիմա այսքան պայքարից հետո ինչ իրավիճակ է ստեղծվել, տպավորություն է, որ ամեն մարդ իր հողի համար է պայքարում, այլ ոչ թե ընդհանուր խնդրի լուծման, տեսնենք՝ ինչ կլինի։
Մարդկանց մի մասը դեռ դատարաններում է պայքարում, մի մասի հողերն արդեն իսկ ճանաչվել են գերակա շահ և օտարման ենթակա՝ օտարել են։ Հիմա որ անկեղծ ասեմ՝ չգիտեմ էլ, թե մարդիկ ինչ են պատրաստվում անել, որովհետև չեմ ուզում արդեն այդ մասին լսել ու ոչ էլ հետաքրքրվում եմ։
Ես ինչպես նախկինում, հիմա էլ դեմ եմ՝ «վսյո՛», որովհետև 30 տարի այդ հողը մշակում էի, հիմա եկել, ասում են՝ պետությունը գերակա շահ է ճանաչել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Զաքարյանը։
Նրա խոսքով, իրենց միայն փոխանցել են, որ քարտեզում ընդգրկված և գերակա շահ ճանաչված ամբողջ տարածքը պետք է մաքրեն, որպեսզի սկսեն աշխատանքներ իրականացնել։
«Այսինքն՝ դատական ամբողջ գործընթացը պետք է ավարտվի, որ իրենք սկսեն աշխատել։ Հիմա մեզ թույլ են տվել, որ մեր խոտը հավաքենք, գիտե՞ք ինչ տպավորություն ստացա՝ մարդն ինքն իր տան, հողի մեջ գերի է դարձել։ Մի այսպիսի խոսք կա, ասում են՝ «դրսինին եկել, ներսինին հանել է դուրս», հիմա այս ամենը մեզ հետ է կատարվում՝ եկել մեզ մեր սեփական հողից դուրս են հանում։ Հիմա թե ինչ կլինի հաջորդ տարի՝ չեմ կարող ասել, որովհետև մեզ ո՞վ է լսում, մեր կարծիքն ո՞վ է հաշվի առնում, մեր բողոքը տեղ չի հասնում։
Այդքան բողոքեցինք, հասանք մինչև Կառավարություն, Փաշինյանը չընդունեց՝ հիմա Կառավարությունից էլ, մյուսներից էլ կուշտ, կուշտ եմ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Աշոտ Զաքարյանը հիշեցրեց՝ իշխանությունը մշտապես ասում է, թե Հայաստանն իրավական երկիր է, հիմա հարց է առաջանում՝ եթե իրավական երկիր է, ապա հարցերին ինչո՞ւ քաղաքավարի լուծում չեն տալիս։
«Դուք հասկանո՞ւմ եք՝ 107 տնտեսության հող են վերցրել, ես 7 շունչ եմ, հիմա իմ հողը որ վերցրել են, ես իմ ընտանիքին ինչպե՞ս եմ պահելու։ Իմ ապրուստն իմ ձեռքից Կառավարությունը խլում ու տալիս է ինչ-որ մեկին՝ իր բիզնեսը զարգացնելու համար։ Սա՞ է իրավական պետությունը։
Նախկինում ես աշխատանք ունեի, իմ ու ընտանիքս բարեկեցությունը «տղավարի» ապահովում էի, հիմա արդեն թոշակի անցած մարդ եմ։ Այդ «պարոն» բառից էլ եմ արդեն հոգնել, ավելի լավ է ասել՝ «ընկեր», քան պարոն, տեսնում ենք, էլի, թե պարոններն ինչ են անում այս երկրում»,- ընդգծեց Աշոտ Զաքարյանը։