Ավարտվեց Օրբանի երկարատև քաղաքական գերիշխանությունը․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար
Հունգարիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան օրերս՝ դառնալով վերջին տարիների ամենասպասված և մրցակցային քաղաքական իրադարձություններից մեկն այդ երկրում և եվրոպական մայրցամաքում։ Ընտրությունների արդյունքում ընդդիմադիր դաշինքը կարողացավ հաղթանակ գրանցել՝ հավաքելով մոտ 51–53% ձայն, մինչդեռ երկար տարիներ իշխանության ղեկին գտնվող Վիկտոր Օրբանի գլխավորած ուժը ստացավ շուրջ 44-46% աջակցություն։ Այս արդյունքը փաստացի ավարտեց Օրբանի երկարատև քաղաքական գերիշխանությունը՝ բացելով նոր փուլ երկրի քաղաքական կյանքում։
62-ամյա Օրբանն իշխանության ղեկին է 2010 թվականից։ Ներկայիս ընտրություններում ի հայտ եկավ ընդդիմության պոտենցիալ թեկնածու՝ 45-ամյա Մադյարը։ Նախկինում «Ֆիդես»-ի երիտասարդական թևի անդամ լինելով՝ Մադյարը «Տիսա» կուսակցության առաջնորդ էր դարձել ընդամենը երկու տարի առաջ։ Օրբանի կառավարությունից դժգոհ քաղաքացիները մատնանշում են հանրային ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության վատ վիճակը, ինչպես նաև կոռուպցիայի մակարդակը։
Մադյարը, սակայն, ասում է, որ մտադիր է պայքարել կոռուպցիայի դեմ, իրականացնել «համակարգային փոփոխություններ» և ներդնել նոր սահմանադրություն։ Ի տարբերություն Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ կառուցած և վերջին տարիներին ԵՄ-ի համար բազմաթիվ խնդիրներ ստեղծած Օրբանի՝ Մադյարը նաև կողմ է Հունգարիան Ռուսաստանից հեռացնելու և ԵՄ անդամ երկիրը որպես ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից վերադարձնելու գաղափարին։ Ընտրությունները նշանավորվել են բարձր մասնակցությամբ և լարված քարոզարշավով։
Հունգարիայում կայացած ընտրությունները կարելի է դիտարկել ոչ միայն որպես ներքաղաքական վերադասավորման դրվագ, այլև որպես կարևոր ազդակ ամբողջ եվրոպական քաղաքական համակարգի համար։ Տարիներ շարունակ երկրի քաղաքական դիմագիծը ձևավորած Վիկտոր Օրբանի ազդեցության նվազումը կամ հեռացումը գուցե խորհրդանշում է մի ամբողջ քաղաքական դարաշրջանի ավարտ։ Այդ դարաշրջանը բնորոշվում էր ուժեղացված գործադիր իշխանությամբ, եվրոսկեպտիկ հռետորաբանությամբ և բազմավեկտոր արտաքին քաղաքականության փորձերով, որը հաճախ հակասության մեջ էր մտնում եվրոպական հիմնական գծի հետ։
Եվրոպական համատեքստում այս ընտրությունների արդյունքները, ըստ փորձագետների, կարևոր են, քանի որ Հունգարիան երկար ժամանակ հանդիսացել է Եվրոպական միության ներսում «ըմբոստ» դերակատար՝ հաճախ արգելակելով համատեղ որոշումներ կամ պահանջելով բացառիկ պայմաններ։
Ի դեպ, Օրբանի կառավարությունն Ադրբեջանի խնդրանքով դժվարություններ է ստեղծել նաև Հայաստանի մասով ԵՄ որոշումների կայացման հարցում։ Օրբանի թուլացումը կամ հեռացումը կարող է նպաստել ԵՄ ներսում ավելի միասնական քաղաքականության ձևավորմանը։ Սակայն շրջադարձ սպասել, թերևս, պետք չէ. հունգարական քաղաքական էլիտայի մի հատված շարունակում է կիսել ԵՄ-ում ինքնիշխանության առաջնահերթության գաղափարը։
Հատկապես ուշագրավ է Հունգարիայի քաղաքականության հնարավոր վերանայումը Ռուսաստանի նկատմամբ։ Օրբանի իշխանության տարիներին Բուդապեշտը պահպանել է հարաբերականորեն մեղմ և պրագմատիկ հարաբերություններ Մոսկվայի հետ՝ անգամ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պայմաններում։ Նոր քաղաքական իրավիճակը կարող է բերել ավելի զգուշավոր, բայց ոչ կտրուկ հակառուսական դիրքորոշման. ավելի հավանական է՝ Հունգարիան փորձի ինտեգրվել եվրոպական ընդհանուր գծին՝ միաժամանակ պահպանելով էներգետիկ և տնտեսական հաշվարկներով պայմանավորված որոշակի ճկունություն։
Հարկ է նշել, որ Հունգարիայի ընտրությունների այս արդյունքները կարևոր են թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի, այլ դերակատարների, և թե Հարավային Կովկասի համար, որտեղ Օրբանը հատկապես ջերմ հարաբերություններ էր կառուցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ու հանուն որոնց էլ Օրբանի կառավարությունը մի շարք հակահայկական աղմկոտ քայլեր է իրականացրել՝ ի շահ Ադրբեջանի։
Տարիներ առաջ Օրբանը հեշտությամբ Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ով Ադրբեջան վերադառնալուն պես հերոսի կոչում ստացավ և փառաբանվեց իր ոճրագործության համար։ Օրբանն իր այս քայլով արժանացավ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի սուր քաղաքական արձագանքին։
ՀՀ-ը 2012 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք անվերապահ վերականգնելու ուղղությամբ արդեն քայլեր սկսեց ձեռնարկել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի միջանցքների լուսանկարներից կարելի է հիշել ջերմ շփումները Փաշինյան-Օրբան-Ալիև-Էրդողան ձևաչափով։ Ինչպես արդեն նշեցինք, Հունգարիան վերջին տարիներին նաև արգելափակում էր ՀՀ-ին եվրոպական Խաղաղության հիմնադրամից միջոցների տրամադրումը։ Ուստի Հայաստանի համար այս փոփոխությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես հեռավոր եվրոպական գործընթաց, այն գուցե փոխի Հունգարիա պետության դիրքավորումը ՀՀ-ի նկատմամբ։ Ի դեպ, այս ընտրությունները Հայաստանում նկատեցին ու վերլուծեցին մի քանի քաղաքական դերակատարներ։
Հաշվի առնելով, որ առաջիկայում ընտրություններ են սպասվում նաև Հայաստանում, հունգարական փորձը կարող է առաջարկել մի շարք կարևոր հետևություններ՝ հատկապես իշխող ուժերի վերարտադրության տեսանկյունից.
- Երկարատև իշխանությունը, նույնիսկ, եթե այն ապահովում է կայունություն, կուտակում է համակարգային դժգոհություն, որը կարող է դրսևորվել ոչ թե աստիճանաբար, այլ ընտրական կտրուկ փոփոխությամբ։
- Մեդիա և ինստիտուցիոնալ վերահսկողության ուժեղացումը կարճաժամկետ գործընթացում ամրապնդում է իշխանությունը, սակայն երկարաժամկետում՝ նվազեցնում լեգիտիմության զգացումը։
- Արտաքին քաղաքական «բազմավեկտորությունը» կարող է արդյունավետ լինել, բայց եթե այն ընկալվում է՝ որպես արժեքային անորոշություն, կարող է խաթարել վստահությունը տարբեր ուղղություններում։
- Արտաքին գործընկերների հետ լարված հարաբերությունները (ինչպես Հունգարիա-ԵՄ) կարող են դառնալ ներքաղաքական օրակարգի կարևոր գործոն։
Օրբանի դարաշրջանի ավարտը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենակայուն թվացող քաղաքական համակարգերը ենթակա են փոփոխության, և այդ փոփոխությունները հաճախ պայմանավորված են ոչ միայն արտաքին ճնշումներով, այլև ներքին կուտակված պահանջներով։
Վիկտոր Օրբանի դարաշրջանի ավարտը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքական մանևրների, ներքին վերահսկողության և ընտրական տեխնոլոգիաների համադրությունը չի երաշխավորում անվերջ վերարտադրություն։ Հայաստանի առաջիկա ընտրությունների համատեքստում սա նշանակում է, որ իշխող ուժի ճակատագիրը կարող է որոշվել հանրային վստահության մակարդակով։



