
«Նահանջ երգով կամ ինչպես համազգային հաղթանակները վերածել սեփական պարտության». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Յուրաքանչյուր իրեն հարգող կուսակցություն պետք է ունենա ծրագիր և աշխարհայացք, որին հավատում և հետևում է։ Չեմ ասի, թե Հայաստանի բոլոր կուսակցույունները և նրանց անդամները տեղյակ են, թե ինչ գաղափարներ ու ծրագրեր ունեն։ Հայաստանի քաղաքական դաշտում շատ կուսակցություններ վերածվել են իշխանության համար պայքարի գործիքների՝ առանց ծրագրային ու գաղափարական սկզբունքների։
Երեկ լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, համաձայն որի ՔՊ-ն սեպտեմբերի 20-ին հերթական համաժողովն է անելու, որտեղ հաստատելու է կանոնադրական փոփոխությունները։ Վեց տարում չորս անգամ ծրագիր ու նպատակ փոփոխող կուսակցությունն իշխում է Հայաստանում։
Դատելով ՔՊ-ի կողմից վարվող և շարունակվող՝ պարտվողական ու հանձնվողական քաղաքականության ռիսկերից, այն դեռ մի քանի անգամ էլ ստիպված է լինելու փոխել իր ծրագիրը։ Հարցն այն է, որ ոչ թե ծրագրերն են կատարում և անցնում նոր ծրագրերի, այլ Հայաստանի նպատակներն ու հայ ժոողովրդի դիրքերն են հերթով կործանում, ու անցնում տակը մնացածին։
2015թ․ մայիսին, իր հիմնադիր համաժողովում, ընդդիմադիր ՔՊ-ն, ինքն իր համար մի ազգայնական ու հավակնոտ ծրագիր է հաստատում, ըստ որի՝
Ա) Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:
Բ) Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:
Գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիք է. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ համաշխարհային ճանաչում:
Դ) Շարունակելու են ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեգրման կարևոր հարթակ է։
Ոչ ոք չի վիճել 2015թ․ ՔՊ-ի նպատակների ու ծրագրերի հետ։
2019թ․ փետրվարին տեղի ունեցած 4-րդ արտահերթ համաժողովում, արդեն իշխանություն գլխին հայտնված ՔՊ-ն, վերահաստատում և ավելի է հստակեցնում իր 2015թ․ ծրագրերը, հավելեով, որ՝
Ա) Միայն խաղաղ բանակցային ճանապարհը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծման։ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատման գործընթացում։
Բ) Արցախի կարգավիճակը, տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը մեզ համար առաջնահերթություն են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն է՝ հիմնված բոլոր հասարակությունների կարիքների բավարարման վրա:
Այնուհետև, 2021թ․ նախընտրական ծրագրում, ՔՊ համաժողովը հաստատում է նոր նպատակներ ու խնդիրներ, իր առջև դնելով հետևյալը՝
Ա) Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
Բ) Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:
ՔՊ-ի այս բարի նպատակները տևում են հազիվ մեկ տարի, որովհետև, 2022թ․ հոկտեմբերի 6-ին, Պրագայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, ՔՊ-ն հոկտեմբերի 29-ի 6-րդ հերթական համաժողովում փոխում է իր քաղաքական խնդիրներն ու ծրագրերը։
Նոր ծրագրում գրում են պատերազմի և պարտության պատճառների, ինչպես նաև հետևանքների մասին՝ մեղքը բնականաբար գցելով ուրիշների վրա։ Այնուհետև առանց նախկին աղետալի ձախողումների ու համազգային կորուստների համար պատասխանատվություն զգալու, խրոխտ կերպով հաստատում են նոր ծրագիր ու նպատակներ։
Մասնավորապես՝
Ա) Կուսակցությունը համոզված է, որ Հայաստանը զարգացման պոտենցիալը լիարժեք իրագործելու հնարավորություն կունենա բաց ճանապարհներով՝ Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք բեռնային եւ ուղեւորափոխադրումների, ինչպես նաև հեռահաղորդակցության և էներգետիկ հաղորդակցության ենթակառուցվածքների համար բաց երկիր լինելու պարագայում:
Բ) Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ ԼՂ հայերը ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի եւ արցախցի: Հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն ԼՂ ներգրավվածությամբ։
Գ) Կուսակցության գործունեությունը բազմաշերտ է, որն արտահայտված է 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում, կառավարության 2021-26թթ. գործունեության ծրագրում:
Ձախողելով նաև 2022թ․ իրենց հաստատած ծրագրերն ու նպատակները, ՔՊ-ն հիմա էլ որոշել է 2025թ․ սեպտեմբերի 20-ի հերթական 7-րդ համաժողովում ներկայացնել նոր կանոնադրություն, որտեղ զետեզված են կուսակցության հետևյալ խնդիրները․
Ա) Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ տարածաշրջանային և միջազգային միջավայրի ապահովումը, տևական և համապարփակ խաղաղության հաստատումը,
Բ) կրթության և ստեղծարար գործունեության խթանումը և խրախուսումը,
Գ) Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական պայմանների ապահովումը,
Դ) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ համակարգերի զարգացումը:
ՔՊ-ի ծրագրից, նպատակներից ու սահմանած խնդիրներից պարզ երևում է, թե որտեղ էր այն և ինչ հավակնոտ, համազգային օրակարգեր ուներ մինչև 2018թ․, և ինչպիսի անորոշ ու ոչինչ չասող խնդիրներ է դրել իր առջև այսօր։ Այս ամենը ցավալի չէր լինի, եթե ՔՊ-ն իշխանության չլիներ, և նահանջով ու ձախողումներով, մեր համազգային հաղթանակները չվերածեր պարտության։
ՔՊ-ում եթե ոմանք, գոնե հասկանում են և իրականում հավատարիմ են իրենց կուսակցության ծրագրերին ու նպատակներին, ապա երանի կտային, որ 2018թ․ չհաջողվեր իրենց իշխանազավթումը, Սերժ Սարգսյանը մնար իշխանության, ու իրենք ստիպված չլինեին տարեցտարի հրաժարվելով կենսական խնդիրներից, երկիրը հասցնեն այսօրվա վիճակին։ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, ուղղակի և անուղակիոներ տեր էր կանգնում ՀՀ-ում գործող գրեթե բոլոր կուսակցությունների ազգային նպատակներին ու խնդիրներին։
ՔՊ-ն իր դավադիր գործողություններով ու տոտալ ձախողումներով փոփոխության է տարել ՀՀ կուսակցությունների մեծ մասի ծրագրերն ու նպատակները՝ հարվածելով հայ ժողովրդի կենսական շահերին, անվտանգ ու բնականոն զարգացման ռեսուրսներին»։