
Ընտրություններում հաղթելու պայմանները. Վահե Հովհաննիսյան

Ընտրություններում հաղթելու պայմանները
Իշխանությունները սպառել են հանրային վստահության վճռորոշ ռեսուրսը և գիտեն այդ մասին։ Նախքան ընտրությունները և ընտրությունների միջոցով պետք է ֆիքսել դա՝ բերելով երկրում քաղաքական և, հետևաբար, հոգեբանական լուրջ փոփոխությունների։ Պատմական փոփոխության հնարավորությունն արդեն բոլորին տեսանելի է։ Անկախ բոլոր ռեպրեսիաներից՝ մենք ունենք ընտրություններում հաղթելու բոլոր շանսերը։ Հաջողության հասնելու համար պետք է պահպանել մի քանի կարևոր պայման։
Պայման առաջին. Նախընտրական համակեցություն
Նախընտրական համակեցության նորմերի ֆիքսումը և պահպանումը հաջողության առանցքային գործոններից է։ Հակաիշխանական ուժերը և «հանրային ակտիվը» այս գիտակցությամբ պետք է մտնեն ընտրական տարի։ Սա նեղ, շքախմբային, ժամկետանց (երեսնամյա կամ ավելի նոր) թշնամանքից հրաժարվելու փուլն է։
Սա կվկայի օրվա և պատմության առջև քաղաքական էլիտաների պատասխանատվության մասին և ընտրություններից շատ ավելի վաղ կօգնի ձևավորել հանրային գերիշխող տրամադրություններ և հանուն փոփոխության քվեարկելու պատրաստ հասարակական միջավայր։ Սա առաջին և գուցե կարևորագույն պայմանն է։
Պայման երկրորդ. թաղել ամպագոռգոռ կենացները
Այսօրվա իրականությունը կեղծ լոզունգների ու կենացների տեղ չի թողնում՝ ո´չ ծրագրային, ո´չ անհատական մակարդակով։ «Ավելի հայրենասեր» լինելու և ավելի անիրական բաների մասին գոռալու փուլը չէ սա։ Նույն կերպ պետք է հրաժարվել տարբեր կալիբրի լիդերների՝ սեփական անձի ինքնամոռաց գերարժևորումից և հնարովի PR-ից։ Պարտված, ջախջախված հասարակություններում այս ամենն ուղիղ հակառակ ազդեցություն է ունենում։ Պարտության հասարակությունն այլ կատեգորիա է, այն իր մեջքը շտկում է այլ ճանապարհներով և այլ որակի լիդերների ու անհատականությունների միջոցով։ Սա այն դեպքն է, երբ ռացիոնալիզմը, պրագմատիզմն ու նաև որոշ համեստությունը զարդարում և առաջ են մղում քաղաքական գործչին։
Պայման երրորդ. Փողն ամենազոր չէ
Մեծագույն սխալը կանենք՝ կարծելով, թե փողով կարող ենք հասարակությանը տրամադրել խորքային փոփոխությունների։ Այդպես հասարակությանը կառաջարկվի դեֆեկտիվ ընտրություն՝ իշխանության ֆիկտիվ «Կրթվելը նորաձև է»-ին հակադրելով ընդդիմադիր համակարգերի «Կթելը նորաձև է» միտումը։ Մարդը կվերցնի փողը, կընդունի առաջարկվող ծառայությունը, բայց չի դառնա փոփոխություն պահանջող ու պարտադրող քաղաքացի։ Այս բանաձևով Հայաստանը պարտվելու է։
Փողով կարելի է կազմակերպել էֆեկտիվ գործունեություն, բայց փողով չի ստացվելու փոխել պարտության հասարակության հոգեվիճակը։
Պայման երրորդ. ճիշտ քաղաքական բանաձևեր
Հայաստանի այսօրվա խնդիրները պահանջում են լուրջ ինտելեկտուալ ռեսուրս։ Քաղաքացին գիտակցում է, որ նժարին դրված է իր ընտանիքի անվտանգության հարցը, և եթե իր մտքում, իր գիտակցության մեջ որոշում չկայացնի, ապա փողով դա հաստատ չի անի։
Իշխանությունը դրել է շատ կեղտոտ, արհեստական բանաձև, իբր՝ ընտրությունը խաղաղության և ոչ խաղաղության միջև է։ Սա ստոր բան է, բայց կարող է աշխատել։ Հակաիշխանական ուժերը նախ պետք է իրենց սխալներով արհեստականորեն չօգնեն իշխանության բանաձևին (ինչը, ցավոք, արվում է) և պետք է գտնեն քաղաքական կոնտր-բանաձևերը։ Սա հեշտ խնդիր չէ, բայց միանգամայն լուծելի է։ Ճիշտ ընտրված քաղաքական բանաձևերը կչեզոքացնեն իշխանության «ֆիշկան» և կսկսեն տիրապետող դառնալ հանրային գիտակցության մեջ։ Բայց պետք է գտնել այդ ճիշտ բանաձևերը։
Պայման չորրորդ. հետընտրական համակեցություն
Դարձյալ կարևոր է համակեցության գաղափարը, այս անգամ՝ հետընտրական և լայն հանրային։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, և եթե ուզում ենք դուրս գալ պատմական նվաստացման մղձավանջային փուլից, պետք է սկսել հանրային մթնոլորտի էական փոփոխությունից։
Վաղվա՝ հետնիկոլ Հայաստանի սոցիալական ճարտարապետությունը կարևորագույն ծրագրային դրույթներից է, և ով սա հասկացավ ու դարձավ դրա կրողը, կդառնա բնական առաջնորդ։ Բոլորը հոգնել են իրար ատելուց, բզկտելուց, մաշող դատերից ու քրգործերից, կյանքը թունավորող իրականությունից։ Ընտրության արդյունքը չպետք է լինի զուտ տեղերով փոփոխություն, չպետք է լինեն վենդետաներ, անձնական վրեժխնդրություն, նոր պառակտումներ ու նոր թշնամանք։ Սա իհարկե չի նշանակում, որ այսօր կատարվող հակաիրավական քայլերը չպետք է ստանան իրավական գնահատական՝ դրանից բխող հետևանքներով։ Սակայն լայն հանրային մակարդակով պետք է վերջապես դուրս գանք համատարած թշնամանքի քայքայիչ թակարդից։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ