Փաշինյանի այս միտքը ողջ «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթի մահախոսականն է. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ վեց ժամ է սպասում եմ, թե ընդդիմադիր դաշտը, ինչպես է արձագանքելու Փաշինյանի ելույթին: Ինչպես է հակահարձակման անցնելու օգտագործելով Չինաստանում հնչած Փաշինյանի հետևյալ միտքը

«Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ մասնավորապես Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում»:

Այս միտքը ողջ «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթի մահախոսականն է: Սրան գնալով Փաշինյանը փաստացի բարձրաձայնում է, որ Ալիևը իրեն ճնշում է անել բաներ, որոնք ընկալում է յուրովի համաձայն ստորագրված փաստաթղթի:

Շուրջ 20 օր է տալիս եմ մեկ հարց: Արդյո՞ք Փաշինյանի և Ալիևի «անխոչընդոտի» ընկալումները նույնն են և արդյոք Փաշինյանը ունի այնքան ուժ, խելք, ռեսուրս, ազդեցություն, ուժային և դիվանագիտական մեջք, որ առաջնային չդարձնի «անխոչընդոտի» հանգամանքը, ինչը Ալիևը դրել է որպես հիմք և շահ փաստաթղթի տակ իր ստորագրման համար, այլ առաջնային դարձնի ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության իբր ֆիքսված գերակայությունը:

Կա՞ որևէ մեկը, ով դեռ չի մնացել նիկոլական պրոպագանդայի տակ, ունի մտավոր կարողություն կարդալու քաղաքական փաստաթուղթ և ունակություն ընկալելու քաղաքական փաստաթղթի ենթատեքստն ու տողատակերը, ոչ թե թղթի վրա գրվածը կամ ներկայացուցչական միջոցառման ընթացքում դիվանագիտական հաճո տերմինաբանության և էթիկետի մեջ կոծկվածը հասկանալու համար, թե ինչ մեծագույն ֆարս է այս «խաղաղություն» կոչեցյալը:

Շեշտում եմ կրկին, Ալիևը սկսել է Casus belli ստեղծման և իր ամբիցիաների խորացման նոր փուլ օգտվելով այս փաստաթղթից, որը Փաշինյանը ստորագրել է ճարահատյալ իր կարգավիճակից, որ վաճառի բոլորիս վրա իր վերընտրվելու գինը հենվելով «խաղաղություն» կոչվող կեղծ և միակ փրկօղակի վրա:

Շարունակում եմ պնդել և հարց տալ, ոչ թե Փաշինյանին, այլ էդ թղթին հավատացողներին: Որևէ մեկը կարո՞ղ է ապացուցել կամ պնդել, որ տրված «միջանցքի» և «Թրամփի ուղի» կոչեցյալի ընկալումները Փաշինյանի և Ալիևի մոտ նույնն են: Դրանք նույնը չեն: Դա էսօր նույնիսկ Փաշինյանը հաստատեց իր ելույթով:

Եթե նույնը չեն ու դու այսօր փաստացի բարձրաձայնում ես դա ու դիմում ես գործընկերներիդ տեսնելով դրա մեջ խնդիր, ինչի՞ տակ և ինչո՞ւ ես ստորագրել մի փաստաթուղթ Վաշինգտոնում, որի ընկալման տարբերության տրամաբանությունից 23 օր հետո բողոքելու ես տրամագծորեն մեկ այլ աշխարհաքաղաքական հարթակում, որը ունի տրամագծային բախումներ ու հակասություններ ստորագրածդ փաստաթղթի «վկա» ԱՄՆ-ի հետ: Արդյո՞ք վստահ ես, որ նույնիսկ դա Ալիևը հենց քո դեմ չի օգտագործելու «վկա» հանդիսացող ԱՄՆ-ի մոտ:

Հ.Գ. Շարունակեք քննարկել Պակիստան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների թեման կամ Շուշիում հնարավոր թեյախմությամբ զբաղվող կանանց թեման: Կարևորը անունակ, շարունակություն չունեցող և անէական քաղաքական պոտենցիալ ունեցող թեմաներն են: Դուք սովոր եք՞:

Տեսանյութեր

Լրահոս