Բաժիններ՝

ԱՄՆ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը Թրամփին է փոխանցել իր երկրի կառավարության ուղերձը

Միացյալ Նահանգներում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Թալիաշվիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել իր հավատարմագրերն ու Վրաստանի կառավարության ուղերձը։

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը։

«Ես նրան նաև փոխանցեցի Վրաստանի կառավարության, վրաց ժողովրդի, վարչապետի, նախագահի բարեմաղթանքները, նրանց շնորհավորանքները, ինչպես նաև կարևոր ուղերձները, որոնք մենք ունենք Միացյալ Նահանգների համար, որոնք ենթադրում են՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է բացել հարաբերությունների նոր էջ, և դա հիմնված կլինի փոխադարձ շահերի վրա»,- արարողությունից հետո ասել է Թալիաշվիլին։

Վերջինիս խոսքով՝ հանդիպումն անցել է շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում, որին մասնակցել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Բացի այդ, Թալիաշվիլին հանդիպել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլիի հետ:

«Այս հանդիպումների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք խոսել վրաց-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև մշակվելիք գործողությունների ծրագրի մասին, որը կծառայի որպես ուղեցույց՝ ապահովելու համար, որ մեր ապագա ծրագրերն ու համագործակցությունը լինեն ամուր և կայուն»,-ասել է Թամար Թալիաշվիլին։

Նշվում է, որ Թամար Թալիաշվիլին ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2025 թվականի հունիսի 10-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Վաշինգտոնն ու Թբիլիսին կասեցրին իրենց ռազմավարական գործընկերությունը, որը գործում էր 2009 թվականից, և վիզային պատժամիջոցներ կիրառվեցին մի շարք վրացի պաշտոնյաների նկատմամբ։

Վաշինգտոնը ֆինանսական սահմանափակումներ սահմանեց Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

Հարաբերությունների վատթարացման պատճառը Վրաստանում ընդունված մի շարք օրենքներն էին, որոնք, ըստ Բայդենի վարչակազմի, հակասում են ժողովրդավարության սկզբունքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս