Ալիևը Արցախում միջազգային հավաք կազմակերպում է, որ խոսի Ադրբեջանի հզորացման եւ տարածաշրջանային գլխավոր երկրի «տարազն» այլևս իր հագով լինելու մասին. Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյան գրում է. «Ադրբեջանի մեդիան այսօր ոչ միայն պաշտպանում է պետական շահերը, այլեւ անհրաժեշտության դեպքում գրոհի է անցնում։ Ինչպես սպորտում, պաշտպանության լավագույն ձեւը հարձակումն է, – ասել է Ալիեւը այսօր Ստեփանակերտում բացված «Շուշիի III Գլոբալ մեդիա ֆորումի» ժամանակ։

Պետք է ընդունել, որ մեդիայի առաքելության մասին նրա, մեղմ ասած, «ուրույն» պատկերացումները ազնվորեն, առանց ավելորդ սեթեւեթանքների ներկայացրեց իր 2ժ 40 րոպե տեւած ասուլիսի ժամանակ։ Որին մասնակցում էին տարբեր, այդ թվում արեւմտյան երկրների մեդիա ներկայացուցիչներ, իրենց, այդ հարցում բոլորովին այլ համոզմունքներով։ Ի դեպ, Ադրբեջանում խոսքի ու այլ ազատությունների մասին թեման, դարձյալ տաբուացված էր։ Հավանաբար, որպես մթնոլորտին անհարիր հարց։ Քանի որ առանց բացառության բոլոր մասնակիցների հարցերը սկսվում էին անձամբ Ալիեւի հասցեին հնչած դիֆերամբներով։ Իսկ ուկրաինացի հայտնի լրագրող Գորդոնն անգամ խորհուրդ խնդրեց նրանից, թե ոնց անեն, որ հաղթեն ու վերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։ Ինչպես դա փայլուն կատարեց Ալիեւը, եւ ինչին մեծ ոգեւորությամբ հետեւում էին Ուկրաինայում։

Դեմոնստրատիվ հենց Արցախում արդեն երրորդ անգամ կազմակերպած այս միջազգային հավաքը նա կազմակերպում է, որ՝

ա/ նորից ու նորից «ցույց տա բոլորին» հայերի սեպարատիստական, ագրեսիվ ու թշնամական, եւ հակառակը՝ ադրբեջանցիների «խաղաղասեր» բնույթը, այս կերպարները դարձնի կայուն կաղապարներ միջազգային հարթակներում։ Ի դեպ, այս անգամ էլ ոչ մի խոսք այնտեղ ապրած արցախահայերի մասին, նրանց բոլորին հիշատակում էր մեկ բառով՝ սեպարատիստներ։

բ/ խոսի Ադրբեջանի հզորացման եւ տարածաշրջանային գլխավոր երկրի «տարազն» այլեւս իր հագով լինելու մասին։

Ի դեպ, Ռուսաստանի հիշատակումները հասցված էին նվազագույնի։ Միգուցե, նախօրոք պայմանավորվածությամբ ֆորումին մասնակցողների հետ։ Ամեն դեպքում Ռուսաստանի հետ վերջերս բարդացած հարաբերությունների մասին բաց տեքստով հարցեր չեն հնչել։

Ռուսաստանից ֆորումի ժամանակ երկու հայտնի ադրբեջանամետ գործիչները՝ Ս.Մարկովն ու ՏԱՍՍ-ի ղեկավար Գուսմանը նույնպես երկկողմանի հարաբերությունների մասին հարց չտվեցին։

Հայտնեց, որ հայկական կողմը ինչպես միշտ դեմ է գնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական տեսլականին, խոսեց խաղաղության մասին փաստաթղթի հնարավոր նախաստորագրման մասին, պահանջեց, որ ԵԱՀԿ ՄԽ լուծարմամբ ու ՀՀ սահմանադրության փոփոխությամբ հայկական կողմը իր ձեռքով « խփի սեպարատիզմի դագաղի վերջին մեխը», եթե իրոք համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է եւ Ադրբեջանից ոչ մի տալիք-առնելիք էլ չի ունենալու։ Ալիեւը հայերին չի վստահում։

Ու, վերջում, հայտնեց, որ այդ դեպքում իրենք (այսինքն՝ մենք) թող ապրեն իրենց կյանքով, մենք՝ (այսինքն՝ իրենք )մերով։ Հետոն (այսինքն՝ համագործակցությունը) հետոն ցույց կտա»։

Տեսանյութեր

Լրահոս