
Ես վախենում եմ կորցնել նրան… Վլադիմիր Սպիվակովը կնոջ՝ Սաթիի մասին

Հատվածներ աշխարհահռչակ դիրիժոր, երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի հետ Սոլոմոն Վոլկովի հարցազրույցից:
Սոլոմոն Վոլկով.
– Ջութակը կնոջ նման է, իսկ կինը՝ ջութակի… Պատմեք ինձ Սաթիի մասին։
Վլադիմիր Սպիվակով.
– Ես հարյուրավոր անգամներ շնորհակալություն եմ հայտնել կնոջս՝ Սաթիին։ Նա դարձել է իմ առաջնորդող աստղը։ Նա իմ կյանք է բերել իսկական մեծ սեր, որը ոչ բոլորն են կարողանում զգալ…
Այս սերը պարուրված էր միստիցիզմով և նախազգացումով։
1983 թվականի հունվարին մենք եկանք Հայաստան՝ «Մոսկվայի վիրտուոզները՝ Հայաստանի աշխատավորներին» անվանումով փառատոնին մասնակցելու։ Սաթիի հայրը՝ Զարե Սահակյանցը՝ հրաշալի ջութակահար, երաժիշտ, դիրիժոր, Հայաստանում առաջին կամերային նվագախմբի ստեղծողը, որի անունը թնդում էր Խորհրդային Միությունում, իմ հին ընկերն էր։ Մենք երկուսս էլ սովորել էինք Յանկելևիչի մոտ, և ես հիշում եմ, թե ինչպես էին նա և Աիդան՝ Սաթիի մայրը, խաղում Ռավելի «Գնչուհին»…
Այնպես որ, զարմանալի չէր, որ Երևանում մենք հայտնվեցինք Սահակյանցի տանը։ Սաթին տանը չէր, բայց նրա լուսանկարները կախված էին ամբողջ բնակարանում։ Պարզապես անհնար էր աչք կտրել հին հայկական տարազով աղջկա մի լուսանկարից, որում Սաթին էր։
Սահակյանցներն ինձ ասացին, որ սա իրենց դուստրն է, որն այդ պահին նկարահանվում էր հայկական «Անուշ» պոեմի հիման վրա նկարահանվող ֆիլմում, որ նա սովորում է ԳԻՏԻՍ-ում և ապրում է ինձ հետ նույն քաղաքում՝ Մոսկվայում։
Ես նրան մտովի, հեռակա կարգով հրավիրեցի մեր համերգներին և սկսեցի թերթել ընտանեկան ալբոմը…
Դուք չեք հավատա, բայց հանկարծ մի ներքին ձայն ինձ ասաց՝ սա կլինի քո կինը…
Ես նույնիսկ ապշեցի։ Ես միանգամից թերթեցի երեք էջ՝ կրկին նրա լուսանկարը, և կրկին ներքին ձայնն ասաց. սա քո կինն է։ Երրորդ անգամից հետո ես փակեցի ալբոմը և մտածեցի. սա միստիցիզմ է։
Վերադառնալով Մոսկվա՝ ես Սաթիին հրավիրեցի մեր համերգին Կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Չեմ կարող ասել, որ սիրահարվեցի առաջին հայացքից՝ դա այդպես չէր, բայց նա ընկավ հոգուս մեջ, ես սկսեցի բռնել ինձ այն բանում, որ նրա մասին եմ մտածում։ Հիշելով իմ ներքին ձայնի կանխատեսումը՝ որոշեցի կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ ավելի ոչ պաշտոնական միջավայրում…
Ես Սաթիին հրավիրեցի թեյի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի արտիստներից մեկի՝ Հմայակ Դուրգարյանի տանը: Եվ թեյ խմելուց հետո ես նրան երկար ժամանակով ճանապարհեցի, քանի որ նա սենյակ էր վարձակալել ծայրամասում։ Հաջորդ օրը ես Իսպանիա շրջագայության էի մեկնում և խոստացա զանգահարել, երբ վերադառնամ…
«Ես կսպասեմ»,- շատ հանգիստ պատասխանեց նա։
Եվ պատկերացրեք, բեմի վրա, երբ ես նվագում էի իմ համերգը, վերջին բիսը Շուբերտի «Սենտիմենտալ վալսն» էր։ Ես նվագում էի, և աչքերիս առաջ տեսնում էի, որ պարում եմ Սաթիի հետ…
Համերգային շրջագայությունը տևեց մեկ ամիս, և ես անհամբեր սպասում էի դրա ավարտին։ Հենց որ ոտք դրեցի մոսկովյան հողի վրա, անմիջապես հավաքեցի նրա հեռախոսահամարը։ Կեսգիշեր էր։ Հարցրի՝ քնա՞ծ չեք, պատասխանեց. «Ո՛չ, քնած չեմ, Ձեր զանգին էի սպասում, սպասում եմ»…
Եվ այդ պահին ամեն ինչ համընկավ, բորբոքվեց, և բացարձակապես պարզ դարձավ, որ մենք ստեղծված ենք միմյանց համար…
Իսկ մեր առաջին ժամադրությանը ես փոքր-ինչ ուշացա։ Շնորհակալություն Սաթիին, ով առանց հարցեր տալու՝ ընդունեց իմ անկեղծ բացատրությունը. չէի կարող ընդհատել ստեղծագործությունը՝ առանց այն ավարտելու։ Եթե ուշանում եմ, նշանակում է, որ պարզապես ինչ-որ բան եմ ավարտում նվագել…
Եվ ևս մեկ բան։ Ասում են, որ տղամարդկանց առաջին վախը սիրելիս կնոջ մեջ սեփական «ես»-ը կորցնելն է, իսկ երկրորդը՝ նրան կորցնելը…
Իմ վախը նրան կորցնելն է…
Հրապարակման պատրաստեց 168.am-ը