
«Նիկոլական տեռորը, հակաեկեղեցիական տնաքանդ արշավը մի կողմ, հիմա էլ որոշ ընդդիմադիր շրջանակներ գտել են նոր «մեղավորի»». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն՝ նիկոլական տեռորը, բռնությունները, հակաեկեղեցիական տնաքանդ արշավը, համազգային ճնշումն ու քաղաքական հալածանքները մի կողմ, հիմա էլ որոշ ընդդիմադիր շրջանակներ գտել են նոր «մեղավորի»՝ Արմեն Աշոտյանին, ավելի ճիշտ՝ նրա ֆեյսբուքյան գրառումներից ու քննադատական տեքստերից են նեղվել։
Էս «մտահոգ» շրջանակները նույնիսկ հասցրել են պրոբացիոն ծառայության ուշադրությունը հրավիրել՝ իբր Աշոտյանը տնային կալանքի տակ լինելու պայմաններում անթույլատրելի գրառումներ է անում։ Իրականում, սակայն, ոչ մի խախտում չկա։ Արմենն իր գրությունները փոխանցում է փաստաբանի միջոցով, որոնք հետո ընկերներն են հրապարակում։ Սա ամբողջովին համապատասխանում է օրենքին։
Հիմա հարց՝ ո՞րն է խնդիրը։ Ո՞վ որոշեց, որ տնային կալանքը նշանակում է՝ մարդը պետք է լռի, չմտածի, չգրի։ Սա կարծես 1984-ի դիստոպիա լինի, ոչ թե իրական քաղաքական միջավայր։
Բայց ամենամարազմատիկն պահն այն է, որ Աշոտյանի տեքստերն ավելի շատ անհանգստացնում են ոչ թե նիկոլականներին, այլ հենց որոշ ընդդիմադիրների։ Նրանց, ովքեր կամ ներկայանում են որպես ընդդիմություն, կամ փորձում են այդ դաշտում դիրքավորվել։ Եվ հենց իրենք են հիմա ավելի ագրեսիվ պահանջում՝ լռեցնել Աշոտյանին, ընդհատել նրա խոսքը, չեզոքացնել ներկայությունը։
Սա արդեն քաղաքական բանավեճ չէ, այլ դասական քաղաքական սնանկություն։ Երբ մարդու խոսքը քեզ խանգարում է ոչ թե գաղափարապես հակառակորդ լինելու պատճառով, այլ որովհետև նրա խոսքը հստակ է, ուղղված է, ազդեցիկ է՝ դա խոսում է ներքին դատարկության մասին»։