
Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում

Հայաստանի կառավարությունը սահմանվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ծավալները, կիրառվելու է սակագնային քվոտա, ինչպես նաև սահմանվում են ներմուծման լիցենզավորման ընթացակարգերը:
Որոշումն հաստատվել է կառավարության հուլիսի 3-ի հերթական նիստում։
Որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից, նախատեսում է մի շարք ապրանքատեսակների նկատմամբ կիրառել սակագնային արտոնություններ, այդ թվում՝ քվոտաներ որոշակի ծավալների համար։
Նախագծով սահմանվում է, որ 2025 թվականի ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։
Որոշման նպատակներն են իրանական որոշ ապրանքների ներմուծման ծավալների վերահսկումն ու բաշխումը, ԵԱՏՄ համաձայնագրի դրույթների իրագործումը, ներմուծման լիցենզավորման կարգի հստակեցումը՝ մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերի հաստատմամբ։Հաշվի առնելով ԵԱՏՄ օրենսդրական պահանջները՝ սակագնային քվոտաների ներքո ապրանքների ներմուծման լիազոր մարմինը կդառնա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Վերջինս կիրականացնի նաև լիցենզիաների տրամադրումն ու վերահսկողությունը։Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։