
ՔՊ-ականները Ադրբեջանի պատվիրակության հետ համաձայնության են եկել և չեն աջակցել հայ գերիների «դատավարությունները» մշտադիտարկելու համար Բաքու միջազգային դիտորդներ ուղարկելու առաջարկին․ Գալստյան

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել:
Իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։
Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են։ Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները։
Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին։Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը։
Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակական կերպով ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում»,-գրել է նա։
Պատգամավորը ներկայացրել է նաև իր ելույթի սղագրությունը:
«Հարգելի գործընկերներ,
Ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից։
Իմ առաջարկները որևէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը և միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա։ Ձեր ձայնը կարևոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում»-նշվում է հայտարարության մեջ։