Ինչո՞ւ Փաշինյանը թիրախավորեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանին․ ուշագրավ մանրամասներ հոգևորականի վերաբերյալ

Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:

«Հուդան էլ 12-ից մեկն էր և իրեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր քան իր հավատքը: Եթե սրա հոգևոր հայրը հուդան չէ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը: Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն»,- գրել էր քահանան:

Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ արշավ սկսած և իրեն Եկեղեցու հետևորդ համարող Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ, սակայն երկրի ղեկավարին անհարիր բառապաշարով անդրադարձավ քահանայի գրառմանը՝ միանգամից իրեն գտնելով գրառման մեջ: Երևի նրան հոգեհարազատ էր «հուդա իջևանցի» ձևակերպումը: Թե ինչ կապ ուներ Տեր Զարեհի գրառումը Փաշինյանի թլպատված լինել-չլինելու հետ, որ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել դա ապացուցել, երևի միայն Փաշինյանն ու Վահագն Ալեքսանյանը կիմանան: Նրանք այսօր հերթական խայտառակ վերնագրերը տվեցին հատկապես ադրբեջանական մամուլին։ Բայց դա նորություն չէ։ Ավելին, կուսակրոն հոգևորականների և ամուսնացյալ քահանաների միջև խժդժություններ սերմանել փորձող Փաշինյանն այնքան է խճճվել, որ ամուսնացյալ քահանա Տեր Զարեհին էլ էր նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում, ինչ կուսակրոն հոգևորականներին։ Փաշինյանի բառապաշարը չենք մեջբերի այս հոդվածում։

Ինչևէ, Տեր Զարեհ քահանա Աշուրյանը 168.am հետ զրույցում իր գրառումը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Ես խաղաղության համար եմ աղոթում, իմ գրառման մեջ որևէ մեկի անունը չեմ հիշատակել, ուղղակ մարդիկ դա իրենց են վերագրել։ Մանավանդ այնտեղ թլպատության մասին խոսք չկար, որը կրկին վերագրել են իրենց, չեմ հասկանում՝ ինչո՞ւ։ Կրկնում եմ՝ այնտեղ անձի թլպատության մասին խոսք չկար։ Այսքանը կասեմ, ավելին չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դրա կարիքն ու ցանկությունը չունեմ»:

Կարդացեք նաև

Այն, որ Փաշինյանի արշավը Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների, բայց իրականում հենց Եկեղեցու դեմ սկսվեց Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից Եկեղեցու թիրախավորումից հետո, և այն, որ իբր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց Փաշազադեի՝ Հայ եկեղեցու վերաբերյալ արված անվայելուչ հայտարարություններին և պատմության խեղաթյուրման փորձերին, փաստ է: Փոխարենը՝ նա, կողակիցը և որոշ թիմակիցներ սկսեցին իրար հերթ չտալով՝ վարկաբեկել հայ հոգևորականներին: Իսկ ՔՊ-ական Մարիա Կարապետյանն ԱԺ-ում բարձրաձայնեց իրենց իրական պլանի մասին․ «Հայ Առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ. մենք դա կփոխենք»:

Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետ, Փաշինյանի նախկին թիմակից, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանի՝ այս իշխանության պատկերացրած պետության մոդելը մշակվել է Բաքվի կողմից, և դրանում ոչ միայն Եկեղեցին, այլև որևէ ազգային արժանապատվություն ունեցող հայ չի տեղավորվում:

Վերադառնալով Տեր Զարեհի գրառմանը և նրա դեմ սկսված արշավին, կասկածներ են առաջանում, որ այն միայն այս գրառման պատճառով չէ: Տեր Զարեհն այն հոգևորականներից է, որ մշտապես պայքար է մղել աղանդավորների քայքայիչ քարոզչության և հոգևորսության դեմ: Տևական ժամանակ Տեր Զարեհը փորձում էր պատասխան ստանալ աղանդավորական քարոզչություն իրականացնողներից, թե ինչո՞ւ են նրանք բանակի, զենք բռնելու դեմ քարոզչություն իրականացնում այն ժամանակ, երբ թշնամի Ադրբեջանը խլում է մեր երիտասարդ զինվորների կյանքերը: Նա շեշտում էր, որ Աստվածաշունչը չի արգելում զենք վերցնել և պաշտպանել սեփական հայրենիքը։

Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչները նույնիսկ դատի էին տվել Տեր Զարեհին: Դատական գործընթացը քննվել էր Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և այս տարվա մարտի 15-ին հրապարակվել էր դատարանի վճիռը. դատարանն ամբողջությամբ մերժել էր Եհովայի վկաների հայցը։

Տեր Զարեհի հետ կապված կա նաև մեկ այլ ուշագրավ պատմություն, որը պատճառ դարձավ, որ երիտասարդ հոգևորականՆ ուղեղի կաթված ստանա։ 2019-ին Շենգավիթ վարչական շրջանում շենքերի բակում կառուցվեց Սուրբ Առաքելոց եկեղեցին, որի հոգևոր հովիվը Տեր Զարեհն  էր։ Եկեղեցու օծումից ամիսներ անց՝ 44-օրյա պատերազմից օրեր առաջ, համայնքապետարանի աշխատակիցները եկեղեցու հարակից տարածքը քանդելու ծանուցմամբ այցելում են Սուրբ Առաքելոց՝ նշելով, որ շինթույլտվության խնդիր կա։ Հարակից շենքերի բնակիչները կտրուկ են արձագանքում, Տեր Զարեհը փորձում է թաղապետի հետ պարզել՝ ինչ է կատարվում։

Ի դեպ, եկեղեցու վերաբերյալ հոդված էր գրել նաև Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Շենքերի բակում եկեղեցի է կառուցվել. տնից Աստծո տուն մեկ քայլ է» վերնագրով։ 

Այս դեպքերի արդյունքում Տեր Զարեհը 44-օրյա պատերազմից 3 օր առաջ  նույն օրվա մեջ մի քանի րոպեների տարբերությամբ գլխուղեղի 2 կաթված է տանում և տեղափոխվում հիվանդանոց։ Իսկ պատերազմի օրերին խնդրում է իրեն դուրս գրել, քանի որ վիրավոր զինվորներին բերում էին հիվանդանոց, և նրանց պառկեցնելու տեղ չկար։ Տեր Զարեհն օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ գլխի բարդ վիրահատություն է տարել։ Նույնիսկ առողջական այս խնդիրների պայմաններում քահանան չի դադարել և չի դադարում պայքարել այս իշխանությունների կողմից Հայ եկեղեցու, մեր ազգային արժեքների թիրախավորումների դեմ։ Իսկ այդպիսի անձինք շատ արագ հայտնվում են այս իշխանությունների թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս