«Ձեզ հարց եմ տալիս՝ Ադրբեջանը թշնամի՞ է, թե՞ բարեկամ մեր պետականությանը, մեր ազգին, ընդհանրապես հայ մարդուն, դուք խրախուսում եք բանակում չծառայելը». Տեր Զարեհը՝ Եհովայի վկաների քարոզիչներին

Արարատ համայնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանան հերթական շրջայցն է կատարել համայնքում ու հանդիպել քարոզչություն իրականացնող Եհովայի վկաներին:

Տևական ժամանակ Տեր Զարեհը փորձում էր պատասխան ստանալ աղանդավորական քարոզչություն իրականացնողներից, թե ինչո՞ւ են բանակի դեմ, զենք բռնելու դեմ այդ անձինք քարոզչություն անում այն ժամանակ, երբ թշնամի Ադրբեջանը խլում է մեր երիտասարդ զինվորների կյանքերը:

«Սա մեր ազգի գոյատևման հարցն է, դուք խրախուսում եք բանակում չծառայելը, զենք չբռնելը: Ինչո՞ւ եք դուք դա անում: Ձեզ հարց եմ տալիս՝ Ադրբեջանը թշնամի՞ է թե՞ բարեկամ մեր պետականությանը, մեր ազգին, ընդհանրապես հայ մարդուն: Այն ադրբեջանցին, որը խոշտանգում է մեր կանանց, անպաշտպան մարդկանց, մեր գերիներին, մեր ընկալումներում թշնամի՞ է, թե՞ բարեկամ: Սա քաղաքական հարց չի, այլ ազգային»,- ասաց Տեր Զարեհը, սակայն աղանդավոր քարոզիչները միայն ժպտում էին:

Ըստ քահանայի՝ այդ անձինք, ովքեր քարոզչություն են իրականացնում սահմանամերձ համայնքներում, մոլորված ոչխարներ են ու պիտի դարձի գան:

Կարդացեք նաև

«Հիմա ես եկել եմ կոչ անելու, որ վերադառնաք մայր եկեղեցի»,- ասաց Տեր Զարեհը:

Ի վերջո, Եհովայի վկաների քարոզիչները հավաքեցին իրենց ստենդները և հեռացան տարածքից, սակայն մինչ այդ հրավիրեցին ոստիկանների, որ Տեր Զարեհին հորդորեն իրենց չխանգարել, ովքեր նրան խնդրեցին ներկայանալ ոստիկանական բաժանմունք:

Հետաքրքիր քննարկում էր ծավալվել Տեր Զարեհի հրապարակած տեսանյութի տակ:

«Մեր մատաղ երեխեքը գյուլլի բերան են, բայց իրենք որպես վկաներ՝ բանակային ծառայությունն անցնում են այլընտրանքային՝ դիվանների վրա «ծառայելով»։ Սուտի սեր քարոզողներ»,- գրել էր մի քաղաքացի:

«Ազգովի պիտի միանանք Ձեզ, Տեր Հայր ջան, և օրենքը պիտի արգելի սրանց նմաններին մոլորեցնել մարդկանց»,- սա էլ մեկ այլ օգտատիրոջ արձագանքն էր:

Մի ուրիշն էլ հավելել էր՝ «Պետք է հավաքվենք հավատացյալներով և հոգևորականներով և պետական մակարդակով պետք է արգելվի և քրեականացվի հոգեորսությունը և այլ աղանդների գործունեությունը մեր առաջին Քրիստոնյա երկրում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս