
Իրան-Իսրայել հակամարտությունը և էներգետիկ ոլորտին սպասվող ռիսկերն ու վտանգները. Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Արա Մարջանյան

Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում է. արդեն 11-րդ օրն է՝ երկու երկրները հարվածներ են հասցնում միմյանց տարածքներին, երկու կողմերից կան մեծ ավերածություններ, մարդկային զոհեր։
Երեկ Միացյալ Նահանգներն Իսրայելին զուգահեռ հարվածներ հասցրեց Իրանին, ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ «բարեհաջող հարված են հասցրել Իրանի միջուկային ծրագրի երեք հիմնական՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներին»: Կշարունակի՞ Միացյալ Նահագները հարվածել Իրանին, այս պահին դեռևս հայտնի չէ։
Մինչ աշխարհի տարբեր երկրներ Իսրայելին կոչ են անում դադարեցնել ռազմական հանցագործությունները, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի և՛ ռազմական, և՛ քաղաքացիական օբյեկտներին։
Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող այս իրադարձությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի էներգետիկայի, առավելապես՝ Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության վրա։
«Օրինակ, ոչ անմիջական ազդեցությունը կարող է արտահայտվել նրանում, որ առաջիկա տարիներին բարդանա Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ կապի գծի թողարկման աշխատանքները։ Որոշակի հարցականի տակ կարող են դրվել Հայաստան գազի մատակարարումները։ Գիտեք, որ Հայաստանը տարեկան մոտ 350 մլն խմ գազ է ստանում Իրանից, փոխարենը տալով մոտավորապես միլիարդ կվժ էլեկտրաէներգիա։ Չնայած կարծում եմ, որ այս ընթացող գործընթացները դեռ անմիջականորեն վտանգ չեն ներկայացնում այս երկու ծրագրերի իրականացման համար։ Սակայն, եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը և պատերազմական գործողություններն Իրանի նկատմամբ թևակոխեն ավելի ծավալուն փուլ, տվյալ հեռանկարում նշածս ծրագրերը կարող են վտանգված լինել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արա Մարջանյանը։
Հարցին՝ Իրանում պատերազմի շարունակության և դրա ծավալների մեծացման դեպքում ի՞նչ սցենարով կարող է Հայաստանն առաջնորդվել, այլընտրանք կա՞, Արա Մարջանյանը պատասխանեց՝ Հայաստանը գազ է ներկրում Իրանից միայն իր ներկրումների ընդհանուր 20 տոկոսի չափով, այն էլ՝ ներկրված այդ գազն անմիջականորեն չի օգտագործում Հայաստանում սպառողների համար։
«Իրանից ներկրված գազն օգտագործվում է միայն Իրան էլեկտրաէներգիա արտահանելու համար։ Եթե այդ ծրագիրը դադարի աշխատել, ապա Հայաստանի գազի սպառողները և էներգետիկայի ոլորտն էական որևէ հարված չի ստանալու։ Բայց, իհարկե, սա ընդհանուր շատ բացասական ազդեցություն կունենա Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա։ Այլ խոսքով, եթե Իրանից գազի մատակարարումը կանգնեցվի և կանգնեցվի երկար հեռանկարով, որևէ բացասական ազդեցություն չի ունենա ՀՀ էներգետիկ համակարգի վրա»,- ընդգծեց Արա Մարջանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի լուսադեմին Իսրայելը հրթիռակոծել էր Իրանի տարածքը, որին հետևեց Իրանի պատասխան հարվածը։ Իսրայելը հայտարարել էր, որ ցանկանում է խափանել Իրանի միջուկային ծրագրի իրագործումը։
Նշենք, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է ՌԴ՝ երկրի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար։