
Յուրաքանչյուր հայ անձամբ պետք է կանգնի եկեղեցու կողքին. պայքարի ուղին իմպիչմենտն է. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ իրավիճակը, որն այսօր ստեղծվել է երկրում, իշխանությունը զավթած խմբակի վարքագծի արդյունքում է, ովքեր ամենավերջին սրբապղծության արդյունքում պատրաստ են հասնել իրենց նպատակին։
«Մենք այս 7 տարիների ընթացքում տեսել ենք իրենց գործելաոճը, իրենք ստերով ու կեղծիքով սկզբում վարկաբեկում են ազգային ինստիտուտները, հետո՝ սկսում կազմաքանդել։ Այս ուխտը, որն այսօր տեղի է ունենում, և այս մարդկանց, որոնց այստեղ տեսնում եք, հավատավոր հայ ժողովուրդն է, որը միաբերան պնդում է, որ Նիկոլի դավադրությունները, կեղծիքը որևէ կերպ չի կարողանալու ստվերել մեր ազգային ինստիտուտները։
Յուրաքանչյուր հայ լավ գիտի, որ այսօր ինքը պետք է պայքարի ու անձամբ կանգնի եկեղեցու կողքին»,- «Զվարթնոց» տաճարից տեղի ունեցած երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, Աննա Մկրտչյանն ասաց՝ պայքարի հստակ ուղի կա՝ դավաճանին անվստահություն հայտնելու գործընթացն է, և այս գործընթացը մեկնարկած է։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ին, նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Այս առիթով բազմաթիվ հավատավոր հայեր «Զվարթնոց» տաճարի մոտից երթ են իրականացրել դեպի Մայր Տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու, որը վերջին շրջանում ենթարկվում է ՀՀ իշխանությունների հարձակումներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում