Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի ուղերձը կփոխանցի իրանցի գործընկերոջը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հունիսի 20-ին Ժնևում պլանավորված բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուղերձը կփոխանցի իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին: Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Ըստ հրապարակման՝ իրանցիների պատասխանը կարող է վճռորոշ լինել այն բանի համար, թե ինչ ուղղությամբ կընթանա Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։

Հունիսի 19-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո Լեմին հայտարարել է, որ իրենք քննարկել են, թե «ինչպես կարող է համաձայնությունը կանխել հակամարտության խորացումը», և որ առաջիկա երկու շաբաթներին «պատուհան» կլինի դիվանագիտական ​​լուծման հասնելու համար։

Հունիսի 20-ին Շվեյցարիայում կանցկացվի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը Աբբաս Արաղչիի հետ։

Ենթադրվում է, որ հանդիպմանը կխոսվի ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղիների մասին։

Միևնույն ժամանակ Sky News-ը նշում է, որ Ժնևում ներկայացված չի լինի մեկ այլ կարևոր կողմ՝ Իսրայելը, որն արդեն մի քանի օր է, ինչ հարվածներ է հասցնում Իրանի տարածքի օբյեկտներին։ Գործողության հայտարարված նպատակն է զրկել Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից: Իրանական կողմը, իր հերթին, հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին:

Տեսանյութեր

Լրահոս