
Գործող իշխանությունների քայլերը ողջամտության սահմանում չեն․ Արմեն Մանվելյան

Իրանի դեմ պատերազմը սրել է Հայաստանին սպասվող մարտահրավերները, փորձագիտական շրջանակներն ուշադրություն են հրավիրում թուրք-ադրբեջանական տանդեմի՝ այս ֆոնին ակտիվացած հայտարարությունների վրա․ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է օրերս խոսել Բաքվի պահանջած, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, նույն թեման արծարծվել է թուրքական լրատվամիջոցներում, Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողովի ընթացքում, չի բացառվում, որ հերթական պահանջները Նիկոլ Փաշինյանին կուղղեն հունիսի 20-ին, Անկարայում։
Հանրային ու քաղաքական շրջանակներն էլ արձանագրում են, որ այս իրավիճակում անհամարժեք է Նիկոլ Փաշինյանի՝ «Կրթվելը նորաձև է» խորագրով նախընտրական արշավը և եկեղեցու մասին իշխանական մեծ ու փոքր պաշտոնյաների մեծ ու փոքր մեղադրանքների, հաթաթաների շարքը։
«Գործող իշխանությունների քայլերը, իրականում, ողջամտության սահմանում չեն, որ կարողանանք ասել, թե իրենք ինչ պետք է անեն ստեղծված իրավիճակում,- 168․am-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան, միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ արձանագրելով,- Իսկ այսօր բավականին վտանգավոր զարգացումներ են տարածաշրջանում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են իրար հաջորդում, Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին բավականին ակտիվացել են Թուրքիան ու Ադրբեջանը: Շաբաթներ առաջ թե՛ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թե՛ ՌԴ պաշտպանության նախարար Բելոուսովը նշեցին որոշակի լարվածության մասին, և նույնիսկ Սյունիքի մասին հիշատակվեց։
Եթե նորմալ պետություն լինեինք, ունենայինք հայրենանվեր իշխանություն, ապա կխոսեին բնակչության կոնսոլիդացիայի մասին, լայն ամրաշինական աշխատանքներ կկատարեին Սյունիքում, բնակչությանը կնախապատրաստեին ամեն սցենարի զարգացման»։
Արմեն Մանվելյանը շեշտեց՝ թշնամիները մեր ներքին պառակտվածությունից մշտապես փորձել են օգտվել, իսկ այսօր այդ պառակտումը գեներացնում են հենց ՀՀ իշխանությունները՝ սեփական իշխանությունը փրկելու համար։
«Եվ նաև՝ բավականին մեծ թվով պրովոկացիաներ կարող են լինել, որոնք Ադրբեջանն առիթ կդարձնի ներխուժելու համար՝ մանավանդ այս իշխանությունների անհեռատես ու անողնաշար կառավարման պայմաններում․ բառացիորեն օրեր առաջ ինչ-որ ԱՄՆ լրագրող Սյունիքի մարզում ելույթ էր ունենում, թե իբր ինքը կանգնած է այն ճանապարհի վրա, որով Ռուսաստանից Իրան են տեղափոխվում զինամթերք, զինտեխնիկա»,- հավելեց նա։
Հաշվի առնելով պատերազմող Իրանի և Ռուսաստանի պարագան՝ տարածաշրջանում հնարավոր նոր էսկալացիան կանխելու հարցում Արմեն Մանվելյանը կարևորեց ԱՄՆ դերակատարումը, սակայն ցավով արձանագրեց, որ Թրամփի իշխանության հետ ՀՀ իշխանությունները չեն տարել բավականաչափ աշխատանք։
«Մենք երկար ժամանակ է՝ ունենք անվտանգային վակուում, ինչը թուլացնում է Հայաստանը, և դա ՀՀ այս ռեժիմի վարած քաղաքականության հետևանքն է»,- մանրամասնեց Արմեն Մանվելյանը։