
Հորդանանը բացել է իր օդային տարածքը

Հորդանանը բացել է իր օդային տարածքը ներքին և տարանցիկ չվերթների համար։
Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ամմանի միջազգային օդանավակայանի վերահսկողական ծառայությանը։
«Օդային տարածքը բաց է, բայց Հորդանան ուղևորվող յուրաքանչյուր ինքնաթիռ պետք է ունենա բավարար վառելիք՝ օդում լրացուցիչ կես ժամ մնալու համար», – ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Հորդանանի օդային երթևեկության կառավարման ծառայությունը հայտնել էր, որ Հորդանանի օդային տարածքը փակվել է տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, այնուհետև այն մասամբ բացվել է միայն մայրաքաղաքի օդանավակայան թռիչքների համար։
Հունիսի 13-ի վաղ առավոտից Իսրայելը սկսել է «Վեր հառնող առյուծ» գործողություն՝ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ:
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին, որ 200 հարված են հասցրել Իրանում ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային օբյեկտների:
Հունիսի 13-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Թեհրանը պատասխանել է Իսրայելի հարվածներին՝ հրթիռային հարվածներ հասցնելով Իսրայելում տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական օբյեկտների և ավիաբազաների:
Իրանը նախորդ օրը 5 հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախի խոցման մասին։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Նևատիմ և Օվդա իսրայելական ավիաբազաներին, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։ Երկու կողմերը այժմ նույնպես շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց ռազմական օբյեկտներին և քաղաքներին։