Կարծում եմ՝ Իրանն ամեն ինչ կանի, որպեսզի  Թուրքիայի՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն իրականություն չդառնա. Ռուբեն Սաֆրաստյան

Նախորդ ամսվա վերջին Թուրքիայի նախագահը հերթական հայտարարությունն էր արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ Իրանը կաջակցի «միջանցքը» բացելու հարցում։

«Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։ Իրականում, մենք կցանկանայինք, որ նրանք օգուտ քաղեն այս «երկկողմ շահող» մթնոլորտից: Կատարված յուրաքանչյուր քայլ, բացված յուրաքանչյուր դուռ ու միջանցք տնտեսական շահ կապահովի և ժամանակի ընթացքում երկրներին կմոտեցնի միմյանց»,- հայտարարել էր Էրդողանը։

Օրերս Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Tasnim-ի հետ զրույցում ասել է, որ Իրանն արագ և վճռական արձագանք է տվել Հարավային Կովկասում ճգնաժամին։ Երբ որոշ երկրներ փորձել են կապ ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ է դիմակայել դրան՝ խափանելով այս դավադրությունը։

Այս ամենից զատ, Իրանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար «Կարմիր գիծ» է, որը չպետք է խախտել։

Կարդացեք նաև

Իրանի կողմից հնչող այս հայտարարություններով հանդերձ, Էրդողանը կկարողանա համոզել իրանական կողմին՝ միավորվել և միասին բացել «Զանգեզուրի միջանցքը»։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այս ամենը հավանական չի համարում՝ շեշտելով, որ Իրանի համար այդ ամենն ունի նաև ռազմավարական նշանակություն։

«Իրանը շահագրգռված է, որ «Զանգեզուրի միջանցքը» չլինի, որովհետև նա հնարավորություն չի ունենալու կապվելու Եվրոպայի հետ։ Սրա մասին Իրանը հստակ հայտարարել է նաև վերջերս՝ Վելայաթիի մակարդակով։ Կարծում եմ՝ Իրանն ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիայի այս ծարգիրն իրականություն չդառնա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ նրա, այս համատեքստում պետք է դիտարկել նաև թուրք-իրանական հարաբերությունների բնագավառը, ինչը շատ բարդ է, ժամանակակից միջազգային հարաբերությունների ամենաբարդ ոլորտներից է։

«Այս երկու երկրները, լինելով պատմական հակառակորդներ, հիմա մրցակիցներ են տարածաշրջանում՝ դավանական առումով, բայց վերջին 100 տարիների ընթացքում կարողանում են միշտ գտնել որոշակի բալանս։

Ըստ իս, սա շատ լուրջ հարց է և՛ Իրանի, և՛ Թուրքիայի համար, և ամեն ինչ կանեն, որպեսզի եթե ունեն հակասություններ, ապա դրանք չհասնեն այնպիսի մակարդակի, որը կվտանգի 2 երկրների խաղաղ հարաբերությունները։ Եվ այս ընդհանուր մթնոլորտում կարող են լինել հայտարարություններ, որոնք կարող են սուր ընկալվել երկու կողմերից։ Հետևաբար՝ ամեն ինչ կանեն, որ չանցնեն վտանգավոր գիծը, որ արդեն ռազմական բախման հնարավորություն կտա»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս