Եղկելի են․ Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները

Հայոց եկեղեցու և նրա սպասավորների դեմ  Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները։ Այս մասին միացյալ հայտարարություն են տարածել Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի թեմական խորհուրդները՝ արձագանքելով վարչապետի կողմից արդեն մոտ 2 շաբաթ շարունակվող արշավին։

«Սրանք ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար և անդառնալի հետևանքներով»,- նշված է հայտարարության մեջ։

Թեմական խորհուրդների կարծիքով՝ 2018 ի վեր ՀՀ իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը։

Խորհուրդները խստորեն դատապարտում են այս հայտարարությունները, դրանք եղկելի անվանում և զորակցություն հայտնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր եկեղեցուն երևելի և աներևույթ բոլոր չարքերից ու փորձություններից»,- եզրափակվում է հայտարարությունը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30