
Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին հեռացնելու նպատակ չունի. Նարեկ Մալյան
Այն բանից հետո, երբ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց՝ պատրաստ է խմբակցության 6 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանում սկսել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, և, որպես վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, դրանից օրեր անց Yerkir.am-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ ԱԺ մյուս՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով.
«Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը: «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, նկատեց՝ փաստորեն Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում «Հայաստան» խմբակցության ձայները ստանալը շատ ավելի բարդ է լինելու, քան ԱԺ ՔՊ-ական պատգամավորներինը։
Ըստ Մալյանի՝ իրենց համար աներկբա է մեկ բան՝ իմպիչմենտի գործընթացը քաղաքական օրակարգից դուրս չի գալու, որովհետև նաև պրոֆեսիոնալ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, բայց գործընթացը բարդանում է, որովհետև դրան դեմ է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչո՞ւ է դեմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին հեռացնելու նպատակ չունի։ Քոչարյանը Փաշինյանի դեմ կպայքարի, եթե ինքը գա իշխանության։ Իրավիճակն այնպիսին է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պատանդը»,- ասաց Մալյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։