Բաժիններ՝

Լոս Անջելեսում ցույցերը սաստկացել են Թրամփի կողմից Ազգային գվարդիայի տեղակայումից հետո

Լոս Անջելեսում հունիսի 8-ին ցույցերն ավելի ինտենսիվ են դարձել. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ազգային գվարդիայի տեղակայման։ Ցուցարարները փակել են գլխավոր մայրուղիներից մեկը, մեքենաներ են այրել, իսկ իրավապահները ցուցարարներին զսպելու համար կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Լոս Անջելեսում արդեն երեք օր է՝ ցույցեր են անցկացվում նախագահ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ։ Գործակալությունը նշում է, որ ոստիկանությունը հավաքն անօրինական է անվանել, և երեկոյան շատերը հեռացել են։ Սակայն մնացած ցուցարարները մոտակա հանրային զբոսայգուց նստարաններ են վերցրել ու արգելապատնեշ կառուցել, ոստիկանների վրա տարբեր առարկաներ նետել։  

Reuters-ը հաղորդում է, որ որոշ ցուցարարներ ձերբակալվել են։ Ըստ հրապարակման՝ Ազգային գվարդիայի անդամները հսկողություն են հաստատել դաշնային կառավարության շենքերի նկատմամբ, մինչ ոստիկանների և իրավապահների միջև քաղաքի մի քանի հատվածներում բախումներ են տեղի ունեցել։ Լոս Անջելեսի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը հունիսի 8-ին Դոնալդ Թրամփին նամակ է ուղարկել՝ խնդրելով հեռացնել Ազգային գվարդիայի անդամներին և նշելով, որ նրանց տեղակայումը «նահանգի ինքնիշխանության լուրջ խախտում է»։

MSNBC-ին տված հարցազրույցում Նյուսոմը հայտնել է, որ ծրագրում է դատի տալ ԱՄՆ վարչակազմին Ազգային գվարդիա տեղակայելու համար՝ հավելելով, որ Թրամփն է «ստեղծել պայմաններ» ցույցերի համար։ Նա նախագահին մեղադրել է ճգնաժամ ստեղծելու մեջ։

«Սրանք բռնապետի արարքներ են, ոչ թե նախագահի», – գրել է նա X սոցիալական հարթակում։ Իր հերթին, Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում հրահանգել է անհապաղ ձերբակալել դիմակ կրող ցուցարարներին։ Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ խռովարարներին վճարում են։ Թրամփը նաև Լոս Անջելեսի քաղաքապետին և նահանգապետին մեղադրել է իրենց պարտականությունները վատ կատարելու մեջ։

«Կատաղի, խռովարար ամբոխները հարձակվում են մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով դադարեցնել մեր արտաքսման գործողությունները: Բայց այս անօրինական խռովությունները միայն ամրապնդում են մեր վճռականությունը», – գրել է Թրամփը:

Նա ներքին անվտանգության նախարարին, պաշտպանության նախարարին և գլխավոր դատախազին կոչ է արել բոլոր համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են «Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից» ազատագրելու համար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30