
Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները հակասում են Թեհրանի շահերին. Խամենեի

Պայմանները, որոնք Միացյալ Նահանգներն առաջ է քաշել իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունների ընթացքում, հակասում են իսլամական հանրապետության հիմնական սկզբունքներին:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:
«Գլխավոր սկզբունքը, որը պաշտպանում է մեր շահերը, «մենք կարող ենք» սկզբունքն է: Նույնիսկ Օմանի միջնորդությամբ միջուկային բանակցությունների վերջին դեպքում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այդ սկզբունքին», – ընդգծել է նա Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում:
Ինչպես հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը, ուրանի հարստացումից հրաժարումն Իրանի ատոմային արդյունաբերությունը կդարձնի անօգուտ և երկիրը կախվածության մեջ կդնի այլ երկրներից:
«Միջուկային արդյունաբերությունն անօգուտ է առանց ուրանի հարստացման հնարավորության, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք ձեռքներս մեկնած կանգնել ատոմակայանների կառուցման համար», – ասել է նա:
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»: