
Պետությունը որևէ իրավասություն չունի խառնվելու Առաքելական եկեղեցու ներքին գործերին. քաղաքական ուժերը և եկեղեցին պետք է այս այլանդակ երևույթներին պատասխանեն շատ կտրուկ ձևով. Վարդան Պողոսյան

Երեկ՝ հունիսի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով , որին մասնակցել են եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։
Ժողովում քննարկվել են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների, եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերը, մասնավոր անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս առիթով էլ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել Նիկոլ Փաշինյանի անօրինական և անհեռատես քաղաքականությունը։
Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ տարբեր հարթակներով անդրադառնում է Ամենայն Հայոց կաթողիկոսին ու Առաքելական եկեղեցուն, նա ուզում է պարզել՝ «կաթողիկոսը կուսակրո՞ն է, թե՞ ոչ, զավակ ունի՞, թե՞ ոչ», նա անհամբեր սպասում է Մայր Աթոռի պարզաբանմանը։
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ նոր էր իշխանության ղեկին, հայտարարում էր, որ եկեղեցին ու պետությունն անջատ են, պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին կյանքին։
Քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը շատ հստակ է՝ թույլ չի տալիս պետությանը և պետության ղեկավարին՝ միջամտել եկեղեցու կյանքին։
«Մեր Սահմանադրությունը սահմանում է, որ պետությունն ու եկեղեցին միմյանցից անջատ են, իսկ սա նշանակում է, որ պետությունը որևէ իրավասություն չունի խառնվելու մեր ազգային եկեղեցու՝ Առաքելական եկեղեցու ներքին գործերին, ինքնավարությանը։ Առավել ևս հաշվի առնելով, որ Սահմանադրության 18-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Հայաստանն առանձնահատուկ դեր է հատկացնում Առաքելական եկեղեցուն՝ որպես ազգային եկեղեցի, ուստի այդ հոդվածով բացառվում է, որ հանրային իշխանության որևէ ներկայացուցիչ՝ լինի վարչապետ, թե ցանկացած այլ պաշտոնյա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերի եկեղեցու նկատմամբ և փորձի խառնվել եկեղեցու ներքին գործերին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Պողոսյանը։
Վարդան Պողոսյանը շեշտեց՝ ակնհայտ է, թե ինչու է այս ամենն արվում, և մանրամասնելով՝ ասաց՝ Նիկոլ Փաշինյանը և իր վարչակազմը խնդիր են դրել իրենց առջև հայոց Սահմանադրությունից և հայ ժողովրդի գիտակցությունից արմատախիլ անել այն ամենը, ինչը հայի ազգային ինքնության հիմքն է։ Ազգի ինքնության հիմնասյուները, ինչպես նկատեց նա, սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, մասնավորապես՝ նախաբանում, նաև 1-ին գլխում։
«Նախաբանում ներկայացված են մեր ազգային արժեքները, Հայաստանի Անկախության հռչակագիրն ու դրանում ամրագրված համազգային արժեքները։ Այդ արժեքները Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերացնել Սահմանադրությունից։ Սահմանադրության 1-ին գլխում խոսքը վերաբերում է, բացի եկեղեցու վերաբերյալ իմ նշած դրույթից, ՀՀ պետական զինանշանին և մյուս խորհրդանիշներին։ Հիմա Փաշինյանն իր առջև խնդիր է դրել Սահմանադրությունից վերացնել այս ամենը իր, այսպես կոչված, «իրական Հայաստան» կոնցեպտի լույսի ներքո։
Այլևս մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն ակնհայտորեն թշնամական իշխանություն է, և այն մեկնաբանությունները, որոնք Փաշինյանն ու իր կուսակիցներն անում են Առաքելական եկեղեցու հասցեին, ոչնչով չեն տարբերվում, նույնիսկ ավելի թշնամական են, քան Ադրբեջանի ներկայացուցիչների խոսույթն է։ Ուստի, այստեղ որևէ կասկած չկա և որևէ հիմք չկա չհասկանալու, թե ինչու է Փաշինյանը նման ցինիկ և առհասարակ բարոյականության բոլոր սահմանները ոտնահարող արտահայտություններ անում Առաքելական եկեղեցու հանդեպ»,- շեշտեց սահմանադրագետը։
Շարունակելով՝ Վարդան Պողոսյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր արարքով միայն խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ինչը նրա համար նորություն չէ։ Նա արդեն այնքան է խախտել Սամանադրությունը, որ նրա համար արդեն երկրի Մայր օրենքն այլև որևէ սահմանափակող գործոն չէ։ Մեր զրուցակիցն այս համատեքստում հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությունը, որ «եթե Սահմանադրական դատարանը հանկարծ որոշի, որ «խաղաղության պայմանագիրը» չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա կփոխեն այն»։
Այսինքն՝ նրա համար, ըստ սահմանադրագետի, Մայր օրենքը՝ որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, գոյություն չունի։ Նրա պատկերացմամբ՝ սեփական կամքն է երկրի բարձրագույն ուժը, նաև, սեփական պատկերացմամբ՝ իրավասու է կատարելու այն ամենը, ինչը սեփական հայեցողության ներքո է՝ անկախ նրանից, թե դա որքանով է համապատասխանում կամ հակասում ՀՀ Սահմանադրությանը կամ այլ իրավական ակտի։
«Քաղաքական ուժերը և եկեղեցին պետք է այս այլանդակ երևույթներին պատասխանեն շատ կտրուկ ձևով, համախմբվեն։ Քաղաքական ուժերի մասին է խոսքը. նրանք մի կողմ պետք է դնեն իրենց տարակարծությունները, միաբռունցքվեն և Առաքելական սուրբ եկեղեցու հետ միասին հստակ ամբողջ ժողովրդին հայտարարեն, որ մենք այլևս գործ ունենք մի իշխանության հետ, որի համար ատելի ու թշնամի է այն ամենը, ինչը կապված է հայ ինքնության հետ։ Հետևաբար՝ քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի ամեն ինչ անելը, որպեսզի այս իշխանությունը ժամ առաջ հեռանա։ Սպասել, ձեռքերը ծալած նստել և ասել, թե մենք սովորական իրավիճակում ենք գտնվում և մեկ տարի անց կայանալիք ընտրություններում մենք քվեարկության միջոցով կկարողանանք հրաժարվել այս իշխանություններից, առնվազն միամտություն է։ Այս մեկ տարին պետք է քաղաքական ուժերը հստակ օգտագործեն, որպեսզի այնքան թուլացնեն Փաշինյանի իշխանությունը, որպեսզի նա հաջորդ խորհրդարանական ընտրություններին չդառնա վարչապետ, կամ այնքան թուլացած լինի, որ այլևս վերարտադրվելու շանս այդ ընտրություններում չունենա։ Սրանում եմ տեսնում մեր քաղաքական ուժերի, եկեղեցու և ամբողջ հայ ժողովրդի քաղաքական խնդիրը»,- ընդգծեց Վարդան Պողոսյանը։